2016-ին Թուրքիան կստանա 6 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ

2016-ի ընթացքում Թուրքիայի զինված ուժերը, նախնական տվյալների համաձայն, կստանան դեռևս 2006-ին պատվիրված 4 միավոր ամերիկյան CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռներ, ևս մեկական նման ուղղաթիռ պետք է ստանան պաշտպանության նախարարությունը և նախագահի աշխատակազմը: Սակայն նշված տեղեկությունը դեռևս չի հաստատվել արտադրող ընկերության` «Բոինգի», կամ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Այս մասին հունվարի 26-ին հայտնել է թուրքական «Միլլիյեթ» պարբերական կայքը:

Չինուք CH-47F բեռնատար ուղղաթիռ

Չինուք CH-47F բեռնատար ուղղաթիռ

Նշվում է, որ զինված ուժերի համար նախատեսված ուղղաթիռները պետք է շահագործվեն ԶՈւ ցամաքային զորքերի և հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ստորաբաժանումներում: Իսկ Թուրքիայի նախագահականի համար նախատեսված մեկ միավոր ուղղաթիռը պետք է զրահապատ լինի:

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում որոշվել էր պատվիրել ևս 5 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ: Այժմ նշվում է, որ նոր պատվիրվող ուղղաթիռներից 4-ը կրկին նախատեսված են զինված ուժերի կարիքների համար:

Նշենք, որ  2006 թ. Թուրքիան ծանր բեռնատար ուղղաթիռների իր պահանջները բավարարելու համար շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել ամերիկյան «Բոինգ» ընկերության հետ` CH-47 Chinook ուղղաթիռներ ձեռք բերելու համար։

Դեռևս 2013-ին հայտարարվում էր, որ ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է Թուրքիային փոխանցել պայմանագրով նախատեսված ուղղաթիռները, սակայն, ինչպես տեսնում ենք, ուղղաթիռները դեռևս չեն փոխանցվել:

Հավելենք, որ CH-47 Chinook ուղղաթիռներն արտադրվում են դեռևս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակը ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է և կարող է տեղափոխել 33-55 մարդ:

One response to “2016-ին Թուրքիան կստանա 6 միավոր CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ

  1. Pingback: Թուրքիան ստացել է առաջին CH-47F «Չինուք» ամերիկյան բեռնատար ուղղաթիռը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *