Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ի փորձարկումները ավարտվել են

Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» բոլոր նախատեսված փորձարկումները ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Աբոլֆազի Սեփեհրի Ռաադը։ Հունվարի 6-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ռաադը չի մանրամասնել, թե կոնկրետ երբ են ավարտվել փորձարկումները և համակարգը երբ կհանձնվի շահագործման։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ համակարգի փորձարկումները  նախատեսվում է ավարտել 2017 թվականի մայիսին։

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

«Բավար-373» համակարգն Իրանն առաջին անգամ ներկայացրել է 2016-ի օգոստոսին։ Իրանական կողմը մանրամասներ չի տրամադրել ՀՕՊ համակարգերի մասին: Հայտնի է, որ համակարգի ռադարն իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին: Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին:

«Բավար-373» ԶՀՀ-ների արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն ներկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Խնդիրն այն էր, որ Իրանը այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել Ռուսաստանից:

Արդեն 2015-ի ապրիլին, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը և սկսեց Ս-300 ԶՀՀ-ներ  մատակարարել Իրանին։ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է համակարգերի մատակարարումը։

Ս-300 համակարգերը Իրանում փորձարկումներից հետո արդեն մարտական հերթապահություն են իրականացնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *