Հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության է հանձնվել եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M «Ատլաս» բեռնատար ինքնաթիռներից հինգերորդը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Twitter-ի իր միկրոբլոգում:
TUSAŞ'ın orta gövde ve bileşenlerinin üretiminde görev aldığı A400M uçaklarının Türkiye'ye ait 5. Uçağın kabulü yapılmıştır. pic.twitter.com/slL2XUHGK4
— SSM (@SavunmaSanayii) July 13, 2017
Հիշեցնենք, որ 4-րդ ինքնաթիռը Թուրքիայի օդուժը ստացել է դեռևս 2017-ի ապրիլին: Թուրքիան Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը կնքել դեռևս 2003-ին, որի համաձայն՝ մինչև 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M ինքնաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է ինքնաթիռներից 5-ը:
2015-ի մարտին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր տուգանք պահանջել:
Նշենք, որ Թուրքիան A-400M բեռնատար ինքնաթիռների նախագծին մասնակցում է դեռևս 1985-ից։ Բացի այդ 5,5% տոկոս մասնաբաժնով նախագծի բաժնետեր է նաև թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերությունը։
Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր քառաշարժիչ ռազմական բեռնատար ինքնաթիռ է, արտադրվում է Airbus Space & Defense ընկերության կողմից։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։
- Կրեյսերային արագությունը — 780 կմ/ժ
- Զանգվածը — 76.500 կգ
- Երկարությունը — 45 մ
- Առաջին թռիչքը — 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
- Թռիչքի հեռավորությունը — 3.298 կմ
- Թևերի բացվածքը — 42 մ
- Բեռնատարողությունը — մինչև 37 տոննա
- Արժողությունը — մոտ 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)