Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հարցում: Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար Ս-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Այս մասին հուլիսի 13-ին հայտնում է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտոնյաներից մեկին:
Ըստ աղբյուրի՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համակարգի առաջին 2 դիվիզիոն ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ը արտադրվելու է Թուրքիայի տարածքում:
Ռուսական «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերության խոսնակը հայտարարել է, որ չի կարող մանրամասներ հաղորդել Թուրքիայի հետ համաձայնության վերաբերյալ:
Ս-400 ԶՀՀ-ները չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ, սակայն միևնույն ժամանակ դրանք չեն ենթարկվի դաշինքի այն սահմանափակումներին, որոնք կանխում են այդ համակարգերի տեղակայումը Հայաստանի հետ սահմանին, Էգեյան ծովի տարածքում, կամ Հունաստանի հետ սահմանին:
Թուրքական NTV հեռուստաալիքը կայքը նույնպես հայտնել է այս տեղեկությունների մասին, սակայն ըստ աղբյուրի՝ առաջին երկու դիվիզիոն Թուրքիան ստանալու է 2019-ին: Նշենք, որ հեռուստաալիքը չի նշում տեղեկության աղբյուրը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400 համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Ռուսաստանյան РБК լրատվակայքը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Ս-400 ՀՕՊ համակարգեր՝ յուրաքանչյուր դիվիզիոնը 500 միլիոն ամերկյան դոլարով: Այդ ժամանակ ևս քննարկվում էր 4 դիվիզիոն վաճառելու հարցը: Այսինքն, ընդհանուր առմամբ, համակարգերի գինը բարձրացել է 500 միլիոն դոլարով:
Ս-400 ՀՕՊ համակարգի մեկ դիվիզիոնում կա 8 արձակման կայան: Եթե Թուրքիան գնի նշված քանակով Ս-400 համակարգեր, ապա կունենա ընդհանուր 32 արձակման կայան՝ վճարելով 2,5 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի տարի է, ինչ քննարկում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու տարբեր հնարավոր տարբերակներ: 2013 թ. հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:
2016 թ. դեկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում, կողմերը ևս քննարկում էին Ս-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը: