Թուրքկան Huriyet Daily News պարբերականի կայքը հայտնում է, որ Սիրիայի հետ 911 երկարությամբ սահմանին կառուցվող պատն ամբողջությամբ պատրաստ կլինի 2018 թ. գարնանը: Պատի զգալի հատվածն արդեն իսկ պատրաստ է: Կայքը փոխանցում է «Դողան» լրատվական գործակալությունից ստացած տեղեկությունը:
Մինչ այս՝ հեկտեմբերին, պատի շինարարությամբ զբաղվող Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) հայտարարել էր, որ շինարարությունն արդեն ավարտվել է:
Այդ ժամանակ նշվում էր, որ պատը կառուցվել է սահմանի 711 կմ հատվածում: Թուրք-սիրիական սահմանին կառուցված պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից:
Սրան զուգահեռ Թուրքիան պատ է կառուցում նաև Իրանի հետ սահմանին՝ նույնպես հիմնականում քրդական ուժերի դեմ պայքարի, անօրինական սահմանախատումների դեմ պայքարի համար:
Ավելացնենք, որ, ավելի վաղ թուրքական մամուլը հայտնում էր, Թուրքիան նախատեսում է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին: