Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Արդահան-Կարս-Իգդիր հատվածում. Թուրքական ԶԼՄ

Հունվարի 10-ին թուրքական մերձիշխանական Star լրատվակայքը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Պատի կառուցման շուրջ ՊՆ-ն համաձայնության է եկել նաև Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ: Բետոնե ամրության կառուցումը կոչված է «ահաբեկչական խմբավորման հետ ավելի արդյունավետ պայքարին, ինչպես նաև անօրինական ճանապարհներով իրականացվող մաքսանենգ առևտրի կանխարգելմանը»:

Պատի կառուցումը նախատեսվում է սկսել այս տարվա ապրիլին Սիրիայի հետ սահմանին նմանատիպ պատի կառուցումն ավարտելուց հետո:

Թեև թուրքական լրատվամիջոցի հոդվածում նշվում է Կարս, Արդահան և Իգդիր «քաղաքների սահմանին», սակայն ամենայն հավանականությամբ ի նկատի ունեն համանուն նահանգները:

Այստեղ հատկանշական է, որ Կարսը ամբողջությամբ սահմանակցում է Հայաստանի հետ, Իգդիրի հիմնական սահմանը ևս, բացառությամբ մի փոքր հատվածով Իրանի և Նախիջևանի հետ սահմանակցելուն:

Արդահանի նահանգը հիմնականում Վրաստանի հետ է սահմանակցում, սակայն առավելապես հենց հայաբնակ շրջանների՝ Ջավախքի հետ:

Այս պայմաններում որևէ խոսք չկա Արդվինի նահանգի մասի, որը սահմանակից է Վրաստանին: Սա կարող է նշանակել, որ Վրաստանի դեպքում հիմնականում իսլամադավաններով բնակեցված Աջարիայի հետ սահմանին պատ կառուցել չի նախատեսվում: Իրանի հետ սահմանակից մյուս հիմնական շրջանների մասին ևս խոսք չկա:

«Անվտանգության պատը» բաղկացած է լինելու 2 մ լայնությամբ, 3 մ բարձրությամբ և 7 տոննա զանգվածով բետոնե բլոկներից: Նշվում է, որ մասնավորապես Սիրիայի հետ սահմանին կառուցվող պատը ուղղված է «Իսլամական պետություն» և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպությունների դեմ, սակայն արևելյան հատվածում կառուցվելիք պատի մասով հստակ բացատրություն չկա:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ավելացնում է, որ «Թուրքիայի հարևանների հետ առևտրի ծավալներին չվնասելու, այլ ընդհակառակը՝ ավելի ընդլայնելու նպատակով Իրանի, Վրաստանի և Հայաստանի հետ եղած սահմանային անցակետերում արդիականացման աշխատանքներ կտարվեն»: Սակայն այստեղ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիան և Հայաստանը ներկա դրությամբ գործող սահմանյին անցակետեր չունեն և ընդհանուր սահմանով առևտուր չի իրականացվում:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի էր դարձել 2016 թ. սեպտեմբերին՝ Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանով «անվտանգության պատի» շինարարական աշխատանքները: Սեպտեմբերի դրությամբ կառուցված էր պատի 200 կմ հատվածը, նախատեսվում էր ավելացնել ևս 700 կմ:

Նշենք, որ պատի աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Պաշտոնական Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

One response to “Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Արդահան-Կարս-Իգդիր հատվածում. Թուրքական ԶԼՄ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *