Թուրքական դատախազությունը լիազորել է ձերբակալել ևս 32 անձի՝ այդ թվում նաև զինվորականների

Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Մերսին Նահանգի դատախազությունը 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել ևս 32 մարդու, այդ թվում նաև զինվորականների։  Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Ձերբակալվածների թվում են նաև սպաներ, ենթասպաներ և պրոֆեսիոնալ սերժանտներ։ Կասկածյալներին հայտնաբերելու համար գործողություններ են իրականացվում։ Հայտնի չէ, թե կասկածյալններից քանիսն են զինվորական։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր նաև երկրի զինված ուժերի Բոլու նահանգում տեղակայված հատուկ նշանակության 2-րդ բրիգադի շտաբի պետին։ Հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական: Արդեն նոյեմբերի 30-ի դրությամբ 240 անձ ձերբակալվել էր, այդ թվում մեծ մասը՝ գործող զինվորականներ:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալությունների պատճառով հատկապես սպաների սուր պակաս է զգացվում: Այդ թվում խիստ պակաս է զգացվում ռազմական օդաչուների շարքերում: Չնայած սրան՝ օդաչուների ձերբակալություները ևս շարունակվում են: Հատկանշական է, որ զինվորականների մի մասի նկատմամբ արդեն իսկ ցմահ ազատազրկման որոշում է կայացվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *