Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ձերբակալվել է 240 մարդ: Օրերս Ստամբուլի Հանրապետական դատախազությունն էր լիազորել նրանց ձերբակալել: Ձերբակալվածների մի մասը գործող զինվորականներ են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածների թվում են՝
- 7 գնդապետ,
- 2 փոխգնդապետ,
- 22 մայոր,
- 25 կապիտան,
- 27 ավագ լեյտենանտ, 16 լեյտենանտ, 2 կրտսեր լեյտենանտ,
- 77 ենթասպա, 22 պրոֆեսիոնալ պայմանագրային,
- 30 կուրսանտ,
- 1 քաղաքացիական ծառայող,
- 9 «իմամ քարոզիչ»:
Ձերբակալվածները մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված 8570 զինվորականի փոխարեն, ընդունվել է 14389-ը: Չնայած նոր ընդունված զինվորականների թվին, Թուրքիայի ուժային կառույցներում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների խիստ պակաս է զգացվում: