Ստամբուլում ԻՊ աջակցելու մեղադրանքով ևս 62 մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 1-ին Ստամբուլում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար կասկածվող 62 մարդու:  Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Բոլոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները համաժամանակյա գործողություններ են իրականացրել Ստամբուլի 8 շրջանում:

Ըստ թուրքական աղբյուրի՝ կասկածյալները մեղադրվում են «ԻՊ զինյալներին նյութական աջակցություն ցուցաբերելու և Թուրքիայից զինյալներ հավաքագրելու համար»:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու կամ ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է մոտ 650-670 մարդ:

Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի տվյալներով՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900-ը ներկայում գտնվում է պատերազմական գոտիներում: Կենտրոնի տվյալններով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Բացի այդ, Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (Institute for Economics & Peace) հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան հայտնվել է աշխարհում ահաբեկչություններից ամենաշատ տուժած 10 երկրների շարքում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Թուրքիան հատկապես մեծ կորուստներ է ունեցել 2015-2016-ի ընթացքում, ինչը պայմանավորված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ակտիվացմամբ, մյուս կողմից էլ «Իսլամական պետության» գործունեությամբ: 

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Սիրիայում և Իրաքում ԻՊ միացած և այնտեղից իրենց երկրների վերադարձած զինյալների վիճակագրություն. աղբյուրը՝ ամերիկյան Soufan Center կենտրոն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *