ԱՄՆ-ն «ձեռքերը լվանում է». Նահանգները կդադարեցնի զինել քրդերին

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դադարեցնել քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) սպառազինումը և դուրս բերել իրենց հիմնական զորքերը Սիրիայից:  Մետիսն այս մասին հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ Սիրիայում բախումները «Իսլամական պետության» հետ արդեն թուլանում են, քուրդ-արաբական կոալիցիան նախկինի պես զինված ուժերի կարիք չունի: Մետիսը նշում է, որ այսուհետ քրդերը կարիք կունենան լոկալ ոստիկանական ուժերի՝ տեղում անվտանգության ապահովման, ԻՊ վերադարձը թույլ չտալու համար:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Սիրիայի Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Պենտագոնի ղեկավարը նշում է, որ իրենք կիրականացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի ասածը, այն է՝ դադարեցնել SDF-ի սպառազինումը:

Անդրադառնալով արդեն Սիրիայի հակամարտության հարցում ԱՄՆ դիրքորոշմանը՝ Մետիսը նշել է, որ իրենք պատրաստվում են ռազմական ճանապարհից անցում կատարել հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այս հարցում Նահանգները պաշտպանում է Ժնևում միջազգային ձևաչափով բանակցությունները: Ըստ նրա՝ Աստանայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնած բանակցություններն անարդյունք են:

Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կդադարեցնի սպառազինել քրդական YPG-ին («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» ՝ SDF-ի կորիզը), Մետիսը նշել է.

«Այո՛: Մենք կդադարեցնենք… Մենք պատրաստվում ենք գնալ ստույգ այն գծերով, որոնց մասին հայտարարել էր նախագահը»:

Մետիսը նաև հիշեցրել է, որ իրենք Սիրիայից արդեն հանում են մեկ հրետանային նավ: Հիշեցնենք, որ նավի հետ դուրս է բերվում նաև ԱՄՆ բանակի ծովային հետևակի 400 զինծառայող:

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին. (արխիվ)

Ավելացնենք, որ Պենտագոնի տվյալներով՝ Սիրիայում 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կար ԱՄՆ 1720 զինծառայող, այդ թվում 618-ը՝ ծովային հետևակից:

Եթե դատենք միայն այս հայտարարությունից, ապա ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում ռազմական օգնություն ցույց տալ քրդերին, քանի որ ԻՊ սպառանալիքը հիմնականում վերացել է: Այս պարագայում հարց է առաջանում, թե արդյո՞ք Վաշինգտոնը Թուրքիային կթույլատրի, կամ առնվազն չի խոչընդոտի ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիան YPG-ն համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև»: PKK-ն Թուրքիայում ճանաչվում է որպես «ահաբեկչական կառույց»: Ըստ այդմ՝ Թուրքիային մշտապես անհանգստացրել է այն փաստը, որ ԱՄՆ-ն սպառազինում է քրդերին: Սակայն վերջին շրջանում Անկարան սկսել է ակտիվորեն շրջանառել Սիրիայում քրդերի վերահսկած 3 կանտոններից մեկում՝ Աֆրինում քրդերի դեմ գործողություններ սկսելու մասին ուղերձներ:

Հավելենք, որ Թուրքիան նոյեմբերին կարողացել էր մեկ հաջող «գործողություն» իրականացնել քրդերի դեմ: Թուրքիա էր փախել և հանձնվել SDF-ի խոսնակ, գնդապետ Թալալ Սիլոն: Դեկտեմբերի 3-ին նա հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը:

Սիլոն ի թիվս այլ հարցերի խոսել է նաև Սիրիայում YPG-ի և ԱՄն համագործակցությունից՝ նշելով, որ Նահանգները քրդերին երբեք էլ չի աջակցել Աֆրինի հարցում, ինչի պատճառով քրդերը այդտեղ դիմել էին Ռուսաստանի օգնությանը:

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *