ԱՄՆ-ն Ծովային հետևակի զինծառայողները դուրս են բերվելու Սիրիայից

Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին աջակցելու նպատակով ուղարկված ԱՄՆ Ծովային հետևակի շուրջ 400 զինծառայող դուրս են բերվելու Սիրիայից: Այս մասին հայտնել են ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայից, փոխանցում է New York Times պարբերականի կայքը:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ծովային հետևակի զինծառայողների հետ միասին Սիրիայից դուրս են բերվում նաև հրետանային համակարգերը:

«Մենք դուրս ենք բերում զինված ուժերը, սակայն շարունակելու ենք աջակցել Սիրիայի և Իրաքի մեր գործընկերներին անվտանգության պահպանման համար:… Մեր մնացող զինված ուժերը շարունակելու են աշխատել գործընկեր ուժերի հետ ԻՊ մնացորդների դեմ պայքարելու, ԻՊ-ի «վերակենդանացումը» կանխելու համար», – հայտարարել է կոալիցիայի բրիգադային գեներալ Ջոնաթան Բրագան:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Միացյալ Նահանգները Սիրիա է ուղարկել Ծովային հետևակի 400 զինծառայողի: Ամերիկյան ծովային հետևակի զինծառայողները տեղակայվել էին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասաքա նահանգի՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Նշենք, որ օրեր առաջ Պենտագոնը հրապարակել է երկրի զինուժի, այդ թվում նաև՝ այլ երկրներում գտնվող ստորաբաժանումների թվաքանակը՝ 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ: Ըստ այդ զեկույցի՝ Սիրիայում գործում է 1720 զինծառայող, այդ թվում 1547-ը՝ ակտիվ զորակազմն է: Մինչ այդ ամերիկյան կողմը հայտարարում էր Սիրիայում ընդամենը 500-ի զինծառայողի մասին:

ԱՄՆ-ն միևնույն ժամանակ ռազմական աջակցություն է ցուցաբերում արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը, որը հենց իրականացրել է Ռաքքայի ազատագրման գործողությունը: Այդ խմբավորման  հետ ԱՄՆ-ի համագործակցությանը բացասաբար է վերաբերում Թուրքիան, որը Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույցներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *