Աֆրինը Թուրքիայի թիրախում. Անկարան հաշվում է քրդերի «ատամները»

Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարությունը ավելի հաճախ է խոսում Սիրիայի քրդերի դեմ հնարավոր գործողություններ սկսելու մասին: Անկարայի քայլերը զուգորդվում են ինչպես հետախուզական բնույթի փոքր ռազմական գործողություններով, այնպես էլ՝ տեղեկատվական «պայքարով»: Դեկտեմբերի 1-ին թուրքական «Անադոլուն» հրապարակել է Սիրիայում քրդերի հիմնական բազաների և սպառազինության մասին տեղեկություներ: 

Թուրքիայի պետական գործակալության հոդվածում (հոդվածի ռուսերեն տարբերակը) նշվում են այն հիմնական բազաները և զինապահեստները, որտեղ կուտակվում են Միացյալ Նահանգների՝ Սիրիայի քրդական ուժերին տարամադրվող զենքերը: Ըստ այդ տեղեկության՝ քրդերը ստացած սպառազինությունը տեղակայում են հիմնական 13 զինապահեստներում:

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Ըստ նշված տվյալների՝ քրդերի ստացած սպառազինությունը տեղակայվում է այդ 13 բազաներում՝ հետագայում բաժանվելով զինված ստորաբաժանումներին: Ըստ որում զենքերը ուղարկվում են Իրաքյան Քրդստանի տարածքից՝ Էրբիլում կայանող ամերիկյան ինքնաթիռներից: Քրդերի սպառազինմամբ զբաղվում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (U.S. Central Command):

Հոդվածում նաև նշված են այն հիմնական ուղիները, որոնց միջոցով զենքերը հասցվում են քրդական զինված ուժերին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG): Նշենք, որ պաշտոնապես այդ տարածքներում գործում է ոչ թե զուտ քրդական զինուժը, այլ քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որի հետ էլ դաշնակցում է ԱՄՆ-ն:

Հոդվածում նաև նշվում է, որ քրդերը մյուս տարածքների կտրված կանտոնում՝ Աֆրինում, բացի բազայից ունեն նաև հրետանու արկերի արտադրություն: Ըստ որում՝ անհրաժեշտ հումքերը ստանում են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկած տարածքների միջոցով:

Թուրքիայի որդեգրած քաղաքականության սահմաներում են նաև հոդվածում ԱՄՆ-ին վերաբերող հատվածները: Վաշինգտոնը հստակ կերպով նշվում է որպես «ահաբեկչական կառույցի հովանավոր»: Ըստ որում նշվում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում ունի շուրջ 2 հազարանոց զորք, ու ամերիկյան բազաները ևս օգտագործվում են որպես քրդական զինապահեստներ: Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան Սիրիայի քրդերին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև»:

Ներկայացված է նաև քրդերի հիմնական սպառազինությունը, այդ թվում՝

  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • 80, 120 մմ ականանետներ,
  • ՄԿ19 նռնականետ,
  • Մ4, Մ16 ավտոմատներ,
  • BGM-71 TOWFGM-148 Javelin հակատանկային հրթիռային համալիրներ,
  • Humwee, Cougar զրահափոխադրիչներ և այլն:

«Իսլամական պետությունը» քրդերի ամրապնդման «խթան».

Սիրիայում քրդերի դիրքերի ամրապնդման դեմ Թուրքիան խոսել է միշտ՝ դեռևս 2011-12 թթ. Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից: Սակայն 2014-2017 թթ. Անկարայի պլաններին «խանգարեց» Սիրիայում հզորացող «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը: 

2014 թ. օգոստոսից սկսած ԻՊ-ն սկսում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանին տեղակայված քրդաբնակ Քոբանի քաղաքի գրոհը: Սկզբնական շրջանում Թուրքիան հրաժարվում էր իր տարածքը տրամադրել Իրաքյան Քրդստանից Քոբանիի քրդերին օգնական ուժեր հասցնելու համար: Իրավիճակը փոխվեց, երբ հոկտեմբերի 15-16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան սկսեց ավիահարվածներ հասցնել Քոբանիում ԻՊ դիրքերին և օգնել քրդերին։

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ իրենք «հասկանում են Թուրքիայի մտահոգությունները», սակայն քրդերը պայքարում են «Իսլամական պետության» դեմ, իսկ այդ պահին գերխնդիրը այդ կառույցի դեմ պայքարում հաջողություն գրանցելն է։ Դրանից անմիջապես հետո Թուրքիան միջանցք բացեց Իրաքի քրդական ուժերի համար դեպի Քոբանի: Ըստ որում գործարքի կարևոր կողմերից էր նաև իրաքյան նավթը. Բարզանին համաձայնեց մեծացնել Թուրքիային տրամադրվող նավթի ծավալը՝ ի հաշիվ Սիրիայում իր ազդեցության հաստատման:

2015-16 թթ. ընթացքում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել քրդերին՝ ԻՊ դեմ պայքարի հիմնավորումներով: Սա քրդերին թույլ տվեց հիմնավորվել Սիրիայի հյուսիսում՝ թուրքերի «քթի տակ»: Իրավիճակը փոխվեց, երբ 2016 թ. քրդական ուժերը անցան Թուրքիայի նշած «Կարմիր գիծը» (Եփրատից արևմուտք)՝ գրավելով Մանբիջը: Գործողությունների տրամաբանական ընթացքը ենթադրում էր Սիրիայում քրդական երկու փաստացի ինքնավար շրջանների՝ Քոբանիից արևմուտք ընկած տարածքների ու Աֆրինի միավորում:

Սա կանխելու համար 2016 թ. օգոստոսից Թուրքիան ներխուժում է Սիրիայի տարածք՝ սկսելով «Եփրատի վահան» գործողությունը: Արդյունքում արդեն 2017 թ. սկզբին քրդական տարածքների միավորման համար անհրաժեշտ միջանցքը թուրքերի ձեռքում էր:

Չնայած Թուրքիայի հույսերին, որ Միացյալ Նահագները «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրումը կիրականացնի իրենց հետ համատեղ՝ Վաշինգտոնը ընտրեց քրդերին: Ռաքքայի ազատագրումը սկսվեց  2017 թ. հունիսից՝ շարունակվելով մինչև հոկտեմբեր, երբ քաղաքն անցավ քրդերի վերահսկողությանը: Սա էլ ավելի ամրապնդեց քրդերի և դրա միջոցով նաև ԱՄՆ դերը Սիրիայում: Ըստ որում, ԱՄՆ-ն Ռաքքայի գրավման ընթացքում ակտիվորեն զինում էր քուրդ-արաբական ուժերին:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Հենց Ռաքքայի գրավումից հետո, երբ արդեն պարզ էր, որ ԻՊ-ն Սիրիայում այլևս նախկին վտանգը չի կարող ներկայացնել՝ Թուրքիան ակտիվացրեց Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսելու հայտարարությունները: Ըստ որում Թուրքիայի թիրախում քրդական «անկլավ» Աֆրինն է, որը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է թուրքական զինուժով:

Աֆրինը թուրքերի թիրախում

2016-17 թթ. «Եփրատի վահան« գործողության արդյունքում Թուրքիան Աֆրինը շրջապատել էր նաև արևելքից (հյուսիսից և արևմուտքից Աֆրինը Թուրքիային է սահմանակցում): 2017 թ. հոկետեմբերից Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնությամբ սկսեց զորքեր տեղակայել նաև Սիրիայի Իդլիբ նահանգում՝ անմիջապես Աֆրինի հարավում: Ըստ որում համաձայնությունը ձեռք բերվեց Ռաքքայի գրավումից հետո քրդական, ըստ էության՝ Սիրիայի ԱՄՆ ուժերի՝ դեպի Դեր Զոր առաջխաղացմանը զուգահեռ:

Նոյեմբերին՝ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարեց, որ  իրենք «վճռական են» Աֆրինի քրդական ուժերի դեմ գործողության հարցում ու Ռուսաստանի հետ այդ բանակցել են, Մոսկվան դրական է տրամադրված:

Էրդողանի հայտարարությունից հետո թուրքական մամուլում սկսեցին Աֆրինում քրդերի դեմ գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկություններ հրապարակվել: Սրան զուգահեռ նոյեմբերի 20-ին թուրքական զինուժը և քրդերը Աֆրինում փոխանակվեցին հրետակոծությամբ: Ըստ քրդական կողմի տվյալների՝ թուրքական ինքնաթիռները նաև սկսել էին հետախուզել Աֆրինի տարածքը:

Նոյեմբերի 30-ին Աֆրինում հնարավոր գործողության նախապատրաստությունների մասին ակնարկեցին Թուրքիայի փոխվարչապետը և արտգործնախարարը: Ըստ որում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ «ԱՄՆ-ն կդադարեցնի քրդերին զինել»: Սա կարող էր նշանակել, որ Նահանգները Թուրքիայի առաջ «կանաչ լույս է վառում», եթե չլիներ Չավուշօղլուի ասածի և Սպիտակ Տան հաղորդագրության հակասությունը:

Ըստ ԱՄՆ նախագահի կայքի՝ Թրամփը խոսել է «ցամաքում իրենց դաշնակիցներին մատակարարվող սպառազինության սպասվող կրճատումներից», ոչ թե դադարեցումից:

Այսպիսով հստակ է, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինն իր վարահսկողության տակ վերցնել, սակայն դրա շուրջ դեռևս պետք է ստանալ հիմնակն մյուս երեք խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ համաձայնությունը: Հարցի այս մասում առայժմ հստակություն չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *