Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնման գործընթացն ավարտված է. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիան Ռուսաստանից արդեն գնել է Ս-400 զենիթահրթիռային համակարգերը և միևնույն ժամանակ տեղական ՀՕՊ համակարգը մշակելու համար աշխատանքներ են իրականացնում ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

«Այդ գործն ավարտվել է, Ս-400 համակարգերը գնվել են: Սրանից հետո արդեն մանրամասներն են, սակայն դրանով չենք բավարարվում, սեփական ՀՕՊ համակարգը մշակելու համար Eurosam ընկերության հետ ենք առանձին աշխատանքներ անում: ՀՕՊ համակարգի մշակման շրջանակներում նպատակ ունենք նաև [համակարգերի արտադրական – խմբ.՝ Razm.info-ի] տեխնոլոգիաների տեղական հնարավորությունները դարձնել մեր սեփականությունը», – ասել է Ջանիքլին:

Ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու մասին կնքված պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:

Նոյեմբերի 8-ին Թուրքիան Ֆրանսիայի և Իտալիայի հետ ստորագրել է մտադրության մասին հռչակագիր (letter of intent)՝ պաշտպանության ոլորտում, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության հարցում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ: Նախատեսվում է Թուրքիայի համար ՀՕՊ համակարգեր մշակել SAMP/T ՀՕՊ համակարգերի հիմքի վրա: Այս մասին առավել մանրամասն այստեղ:

Թուրքիայի համար ստեղծվելիք ՀՕՊ համակարգը հիմնված է լինելու Eurosam ընկերության տեխնոլոգիաներով: Համակարգերի սպառազինությունում լինելու են Aster հրթիռներ, որոնց ստեղծման համար Եվրամիությունը ներդրել է շուրջ 11 միլիարդ դոլար:

Նշենք, ոչ Թուրքիան մի քանի տարի է՝ ինչ հայտարարում է, որ ցանկանում է սեփական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր արտադրել: Մյուս կողմից բանակցում էր տարբեր երկրների հետ ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու համար:

Ներկայում, Թուրքիան, մի կողմից պայմանավորվելով Ռուսաստանի հետ ավելի հեռահար ՀՕՊ համակարգերի համար, մյուս կողմից էլ միջին հեռահարության նոր համակարգերի արտադրություն սկսելով Ֆրանսիայի և Իտալիայի հետ, փորձում է կարճաժամկետ առումով լուծել հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքները, մինչև որ կստեղծի սեփական արտադրության համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *