Նոյեմբերի 8-ին Թուրքիան Ֆրանսիայի և Իտալիայի հետ ստորագրել է մտադրության մասին հռչակագիր (letter of intent)՝ պաշտպանության ոլորտում, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության հարցում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հռչակագիրը ստորագրել են երեք երկրների պաշտպանության նախարարներ Նուրեթթին Ջանիքլին, Ֆլորանս Փարլին և Ռոբերտա Պինոտին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ՊՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում:
Որպես համագործակցության առաջին քայլ ֆրանս-իտալական Eurosam և թուրքական ընկերությունները սկսելու են SAMP/T ՀՕՊ համակարգերի հիմքի վրա ստեղծվելիք ՀՕՊ նոր համակարգի վերաբերյալ հետազոտությունները և դրա մշակմանն ու արտադրությանը ուղղված աշխատանքները: Բացի այդ Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան խորացնելու են համագործակցությունը էլեկտրոնային համակարգերի, վարժասարքերի, կապի միջոցների արտադրության ոլորտում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնել էր, որ Թուրքիան միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի արտադրության վերաբերյալ վերջնական համաձայնագիր կստորագրի Իտալիայի և Ֆրանսիայի հետ:
Թուրքական կողմից նոր ՀՕՊ համակարգի արտադրությանը մասնակցելու են «Ռոքեթսան», «Ասելսան» և «Հավելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Ռոքեթսան», «Ասելսան» ընկերությունները Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement):
Թուրքիայի համար ստեղծվելիք ՀՕՊ համակարգը հիմնված է լինելու Eurosam ընկերության տեխնոլոգիաներով: Համակարգերի սպառազինությունում լինելու են Aster հրթիռներ, որոնց ստեղծման համար Եվրամիությունը ներդրել է շուրջ 11 միլիարդ դոլար:
Ընդ որում, եվրոպական ընկերության հետ ՀՕՊ համակարգ արտադրելուց զատ, Թուրքիան արդեն պայմանավորվել է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցում: Այսինքն Թուրքիան, մի կողմից ավելի հեռահար ՀՕՊ համակարգ է ստանալու Ռուսաստանից, մյուս կողմից միջին հեռահարության նոր համակարգ է արտադրելու Ֆրանսիայի և Իտալիայի հետ համատեղ: Թուրքիան, այսպիսով, փորձում է կարճաժամկետ առումով լուծել հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքները, մինչև որ կստեղծի սեփական արտադրության համակարգեր:
Stamp/T համակարգի մարտավարատեխնիկական բնութագիր.
- Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
- Հնարավոր թիրախները՝ բալիստիկ հրթիռներ, կառավարվող և չկառավարվող թռչող օբյեկտներ,
- Սպառազինությունը՝ «Աստեր-30» կառավարվող հրթիռ,
- Հրթիռի խոցման հեռահարությունը՝ մինչև 100 կմ,
- Խոցման առաստաղը՝ մինչև 25 կմ:
Ս-400 ԶՀՀ-ի մարտավարատեխնիկական բնութագիր,
- Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
- Հնարավոր թիրախները՝ ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ
- Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ օդային միջոցներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա,
- Բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։