Հուլիսի 14-ին թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները եվրոպական Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement): Այս մասին հուլիսի 19-ին հայտնել է եվրոպական ընկերության կայքը:
Թուրքիայի համար հակաօդային պաշտպանության միջին և մեծ հեռահարության համակարգերի արտադրության գործընթացը ղեկավարում է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:
Նախնական համաձայնությամբ կողմերը սահմանել են, որ առաջիկա ամիսներին պետք է սկսեն հետազոտել մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային համակարգի հետ կապված հարցերը:
Թուրքիայի համար ստեղծվելիք ՀՕՊ համակարգը հիմնված է լինելու Eurosam ընկերության տեխնոլոգիաներով: Համակարգերի սպառազինությունում լինելու են Aster հրթիռներ, որոնց ստեղծման համար Եվրամիությունը ներդրել է շուրջ 11 միլիարդ դոլար: Նշվում է, որ նման համակարգեր կան Ֆրանսիայի և Իտալիայի զինված ուժերի սպառազինությունում:
Եվրոպական ընկերության հայտարարությունում նշվում է,ո ր խոսքը SAMP/T ՀՕՊ համակարգերի մասին է, որոնցից երկու միավոր Իտալիան ՆԱՏՕ-ի շրջանակներում 2016 թ. տեղակայել է Թուրքիայում՝ այդ երկրի օդային սահմանների պաշտպանության նպատակով:
Stamp/T համակարգի մարտավատեխնիկական բնութագրերը.
- Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
- Հնարավոր թիրախները՝ բալիստիկ հրթիռներ, կառավարվող և չկառավարվող թռչող օբյեկտներ,
- Սպառազինությունը՝ «Աստեր-30» կառավարվող հրթիռ,
- Հրթիռի խոցման հեռահարությունը՝ մինչև 100 կմ,
- Խոցման առաստաղը՝ մինչև 25 կմ:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. Թուրքիան հայտարարել էր ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ, որում հաղթող էր չանաչվել Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերությունը:
Մրցույթին այդ ժամանակ մասնակցում էին նաև Eurosam ընկերությունը (Samp/T) և Միացյալ Նահանգները՝ Patriot ՀՕՊ համակարգերով: Սակայն հետագայում Թուրքիան չեղյալ հայտարարեց Չինաստանի հետ պայմանագիրը: 2016 թ. թուրքական կողմը նախ ձեռնարկեց սեփական համակարգերի արտադրության անարդյունք փորձ, ապա ՀՕՊ համակարգեր գնելու համար բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ:
2017 թ. թուրքական և ռուսաստանյան կողմերի տարածած տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են հասել Թուրքային Ս-400 համակարգերի վաճառքի շուրջ: Սակայն ռուսաստանյան կողմը հրաժարում է Թուրքիային այդ համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ փոխանցել:
Ելնելով նաև այս հանգամանքից՝ Թուրքիան փորձում է Ս-400-ների հաշվին ժամանակավորապես լուծել իր հակաօդային պաշտպանվածության խնդիրը, սակայն հեռանկարում նախատեսում է Եվրոպական ընկերության հետ համագործակցությամբ ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել իր երկրի տարածքում: