Նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ՊՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում, Թուրքիան միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի արտադրության վերաբերյալ վերջնական համաձայնագիր կստորագրի Իտալիայի և Ֆրանսիայի հետ: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ըստ աղբյուրի՝ այս համաձայնագիրը չի հակասում Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ կնքված պայմանագրին: Թուրքիան այսպիսով փորձում է կարճաժամկետ առումով լուծել հակաօդային պաշտպանության համակարգերի կարիքները, մինչև որ կստեղծի սեփական արտադրության համակարգեր:
Համաձայնագրի ստորագրությանը ներկա է գտնվելու Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, Ֆրանսիայի և Իտալիայի ՊՆ ղեկավարները, ինչպես նաև համապատասխան ընկերությունների պաշտոնյաններ:
Համաձայնագիրը նախատեսում է ֆրանս-իտալական Eurosam ընկերության կողմից նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգերի մշակում, արտադրում, արտահանում և վաճառք:
Թուրքական կողմից նոր ՀՕՊ համակարգի արտադրությանը մասնակցելու են «Ռոքեթսան», «Ասելսան» և «Հավելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Ռոքեթսան», «Ասելսան» ընկերությունները Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement):
Թուրքիայի համար ստեղծվելիք ՀՕՊ համակարգը հիմնված է լինելու Eurosam ընկերության տեխնոլոգիաներով: Համակարգերի սպառազինությունում լինելու են Aster հրթիռներ, որոնց ստեղծման համար Եվրամիությունը ներդրել է շուրջ 11 միլիարդ դոլար:
Համաձայնագրով՝ ընկերությունը Թուրքիայի վաճառելու է SAMP/T ՀՕՊ համակարգեր, բացի այդ նախատեսվում է Թուրքիային արտադրական տեխնոլոգիաներ փոխանցել՝ տեղական արտադրության միջին հեռահարության «ՀԻՍԱՐ-Օ» ՀՕՊ համակարգի համար:
Stamp/T համակարգի մարտավարատեխնիկական բնութագիր.
- Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
- Հնարավոր թիրախները՝ բալիստիկ հրթիռներ, կառավարվող և չկառավարվող թռչող օբյեկտներ,
- Սպառազինությունը՝ «Աստեր-30» կառավարվող հրթիռ,
- Հրթիռի խոցման հեռահարությունը՝ մինչև 100 կմ,
- Խոցման առաստաղը՝ մինչև 25 կմ:
Նշենք, որ այս համակարգերով Թուրքիան մասնակի է լուծում իր հակաօդային պաշտպանության կարիքները: Այս համակարգերը միջին հեռահարություն, սակայն Թուրքիան նաև մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերրի կարիք ունի:
Նշենք, որ սրան զուգահեռ Թուրքիան և Ռուսաստանը արդեն համաձայնության են եկել ռուսաստանյան Ս-400 ԶՀՀ-ների գործարքի շուրջ: «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400-ների վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Սակայն Ռուսաստանը հրաժարվում է Թուրքիային այդ համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ փոխանցել:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. Թուրքիան հայտարարել էր ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ, որում հաղթող էր ճանաչվել Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերությունը: Սակայն հետագայում Թուրքիան չեղյալ հայտարարեց Չինաստանի հետ պայմանագիրը: