Իրաքը սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները քրդերի դեմ

Իրաքի կառավարական բանակը սպառնում է վերսկսել է ռազմական գործողությունները քրդերի դեմ, եթե Իրաքյան Քրդստանը կառավարական բանակին չհանձնի Իրաքի՝ Թուրքիայի, Իրանի և Սիրիայի հետ սահմանների վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Իրաքյան Քրդստանի և «Փեշմերգա» զորաջոկատների հետ համաձայնության են եկել սահմանների և անցակետերի հարցում և քրդերը վերահսկողությունը թողնելու են Իրաքի բանակին: Սակայն քրդական ջոկատների հրամանատարությունը հայտարարել է, որ իրենք, որևէ համաձայնություն չեն կնքել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ: Փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը:

Քրդական կողմը հայտնում է, որ Իրաքի իշխանությունների պահանջը անիրատեսական է և հակասահմանադրական և վտանգում է Իրաքյան Քրդստանին ու նրա քաղաքացիներին: «Փեշմերգայի» հրամանատարությունը նաև հայտնել է, որ չեն ուզում բախումների գնալ կառավարական ուժերի հետ:

Նոյեմբերի 2-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ իրենց պահանջը կառավարական ուժերի տեղակայումն է բոլոր վայրերում և Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության հաստատումը սահմանների նկատմամբ:

Հոկտեմբերի 30-ին ալ-Աբադին նաև հայտարարել է, որ  քրդական «Փեշմերգա» զորաջոկատները պետք է անցնեն Իրաքի կենտրոնական կառավարության հսկողության տակ և կրճատվեն:

Իրաքյան Քրդստանի և Իրաքի կենտրոնական իշխանությունների միջև  ճգնաժամը խորացել էր քրդերի անկախության հանրաքվեից՝ սեպտեմբերի 25-ից հետո:

Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջակա բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր:

Այս պարտությունների ֆոնին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները որոշեցին 8 ամսով սառեցնել հանրաքվեի արդյունքները և նաև հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները, սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է արդյունքների վերջնական չեղարկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *