ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև ԻՀՊԿ-ի հրամանատարը

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 կազմակերպության և 14 ֆիզիկական անձի նկատմամբ։ Պատժամիջոցները սահմանվել են «ահաբեկչության դեմ պայքարի և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելմանը ուղղված ԱՄՆ աշխատանքներիի շրջանակներում»։

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Ֆիննախարարության կայքը։

Պատժամիջոցներ են սահմանվել  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի, ԻՀՊԿ «Բասիջ» կամավորների ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ռեզա Նաղդիի,  ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի, Բասիջի, մի քանի ռազմական համալսարանների նկատմամբ։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի նաև՝

  • ԻՀՊԿ ցամաքային զորքրերի հրամանատարի տեղակալ Աբադոլլահ Արաղին,
  • Իրանի ծովային արդյունաբերության ընկերությունը (SADRA),
  • ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետազոտությունների և ինքնաապահովման «Ջեհադ» կազմակերպությունը,
  • «Մեհր» բանկը և այլ կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր ժամկետ է տվել՝ քննարկելու Օբամայի վարչակարգի օրոք Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ վերացված պատժամիջոցները վերականգնելու հարցը:

Հենց նույն օրը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ն ներառել էր այն կազմակերպությունների ցուցակում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ահաբեկիչներին:

ԻՀՊԿ ներառումը այդ ցուցակում չի նշանակում ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց համարել: ԻՀՊԿ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել  «Ղոդս» ստորաբաժանմանը աջակցելու, ֆինանսական, նյութական, տեխնոլոգիական  օգնություն ցուցաբերելու, մարզելու և զինելու համար:

ԻՀՊԿ-ից բացի պատժամիջոցներ էին սահմանվել 3 իրանական ընկերությունների նկատմամբ:

Բացի այդ  հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նոր օրինագիծ։  Օրինագծով պատժամիջոցներ են նախատեսվում են այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք օժանդակում են Իրանի բալիստիկ հրթիռների  ծրագրին։

Որպեսզի դառնա օրենք, օրինագիծը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից, այնուհետև անցնի նախագահի ստորագրմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *