Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն. ԱՄՆ նախագահը մտադիր է փոխել Միջուկային համաձայնագրի որոշ առանցքային կետեր: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը քննարկելու համար Կոնգրեսին 60 օր ժամանակ կտրամադրվի:
Դատելով Թրամփի հայտարարությունից՝ նա պատրաստվում է Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրել հետևյալ մեխանիզմների կիրառմամբ՝
- ԱՄՆ դաշնակիցների հետ համատեղ ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, (այդ թվում՝ գուցե երկրի ներսից),
- Նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել,
- Պատժամիջոցների ցանկում ներառել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը,
- Հետաքննել, արդյո՞ք Իրանը կապ ունի և աջակցում է Հյուսիսային Կորեային (սա կարող է դառնալ Իրանի նկատմամբ հնարավոր կոշտ գործողությունների լեգիտիմացման հիմքերից մեկը):
ԱՄՆ նախագահն իր խոսքը կառուցում էր այն տրամաբանությամբ, որ, եթե իրենց պահանջները չկատարվեն, Նահանգները դուրս կգա Միջուկային համաձայնագրից: Իրականում Թրամփի որոշ առաջարկներ արդեն իսկ այդ Համաձայանագրի կետերի խախտում են և նույնպես կարող են ազդել դրա չեղարկման վրա:
ԱՄՆ նախագահը պատրաստվում է Կոնգրեսին 60 օր ժամկետ տալ՝ քննարկելու Օբամայի վարչակարգի օրոք Համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ վերացված պատժամիջոցները վերականգնելու հարցը: Պատժամիջոցների վերացումը ժամանակին կարևոր նախապայման էր Համաձայնագրի կնքման համար: Որպես հակափաստարկ Թրամփը պնդում է, որ Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը (սա ևս համաձայնագրի պարտադիր կետերից էր):
ԱՄՆ նախագահն իր խոսքում նշեց, որ իրենց համար սկզբունքային է ոչ միայն Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորություն չտալը, այլև՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նախագծումն արգելելը (նշված հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկ փոխադրել):
Թրամփի ելույթին ի պատասխան՝ արտահերթ ելույթով է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իր ելույթում Ռոհանին նշել է, որ միջուկային համաձայնագիրը որևէ փոփոխության ու քննարկման ենթակա չէ:
Եթե միջազգային իրավունքները ճիշտ չեն կարդացել, թող առավել մեծ ուշադրությամբ կարդան, ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի կողմից բանաձևով հաստատված բազմակողմանի համաձայնագիրը չտեսնելու տալ: Մի՞թե նախագահը միայնակ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել: Երևում է նա չգիտի, որ այդ փաստաթուղթը Իրանի և ԱՄՆ միջև կնքված երկկողմանի փաստաթուղթ չէ, այլ բազմակողմանի ու միջազգային փաստաթուղթ է,- ասել է Ռոհանին:
Ի պատասխան Թրամփի հայտարարություններին՝ Իրանի զինված ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանը շարունակելու հզորացնել իր պաշտպանական կարողությունները:
Թրամփի այս նոր քաղաքականությանը դեմ են արտահայտվել նաև «Վեցյակի» անդամ Գերմանիան, Ֆրանսիան.
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հանդես են գալիս համաձայնագիրը պահպանելու օգտին:
Ֆրանսիայի նախագահն էլ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ՝ հայտարարելով, որ Ֆրանսիան և Եվրամիությունը պաշտպանում են միջուկային համաձայնագիը:
Որպես ԱՄՆ նոր քաղաքականության իրականացմանն ուղղված առաջին քայլ Թրամփը տեղեկացրել է, որ արդեն պատժամիջոցներ են սահմանվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ ) նկատմամբ:
ԻՀՊԿ-ն ներառվել է այն կազմակերպությունների ցուցակում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են ահաբեկիչներին: ԻՀՊԿ ներառումը այդ ցուցակում չի նշանակում ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց համարել: ԻՀՊԿ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել «Ղոդս» ստորաբաժանմանը աջակցելու, ֆինանսական, նյութական, տեխնոլոգիական օգնություն ցուցաբերելու, մարզելու և զինելու համար:
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը իր հերթին գտնվում է պատժամիջոցների ցուցակում: Ստորաբաժանումը մեղադրվում է Իրանի բալիստիկ հրթիռների, միջուկային ծրագրին աջակցելու, մարդու իրավունքները խախտելու, «Հեզբոլլահ», «Համաս», ինչպես նաև «Թալիբան» խմբավորումներին աջակցելու մեջ:
ԻՀՊԿ-ից բացի պատժամիջոցներ են սահմանվել 3 իրանական ընկերությունների նկատմամբ: Իրանի ռազմածովային պաշտպանության հրթիռային արդյունաբերության ընկերության (Iran’s Naval Defence Missile Industry Group (SAIG)) կողմից ղեկավարվելու համար պատժամիջոցներ են սահմանվել Shahid Alamolhoda Industries (SAI) ընկերության նկատմամբ:
SAIG-ին և ԻՀՊԿ-ին աջակցելու մեղադրանքով ՝ Rastafann Ertebat Engineering Company-ի նկատմամբ: Իրանական մեկ այլ՝ Fanamoj ընկերությունն էլ պատժամիջոցների է ենթարկվել՝ ԻՀՊԿ-ին աջակցելու մեղադրանքով:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև չինական Wuhan Sanjiang Import and Export Co. ընկերության նկատմամբ՝ արդեն պատժամիջոցների տակ գտնվող Iran’s Shiraz Electronics Industries (SEI) ընկերությանը աջակցելու մեղադրանքով: