Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Ադրբեջանի բանակի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu). նկարը՝ Meydan TV լրատվակայքի
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը 21 տարեկան էր, ծնվել էր 1996-ի օգոստոսի 29-ին Գյանջա քաղաքում: Բանակ էր զորակոչվել 2017-ի հուլիսին:
Meydan TV պնդմամբ՝ զինծառայողի եղբայրը՝ Հիքմեթ Ռզաևը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ հոկտեմբերի 12-ին զանգահարել են և հայտնել, որ եղբայրը ինքնասպան է եղել: Հիքմեթ Ռզաևը նաև հայտնել է, որ միջադեպից 3 օր առաջ այցելել է եղբորը և ոչ մի խնդիր չի նկատել այդ ժամանակ:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 50 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։