Նոյեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 2 զինծառայող և 2 «գյուղական պահապան»:
Թարմացում. Ավելի ուշ, թուրքական կողմը հայտնել է, որ ուժայինների կորուստների թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ուժայինները «վնասազերծել են» քրդական կառույցի 4 զինյալի: Թուրքական կողմը պնդում է, որ քուրդ զինյալները Թուրքիայի տարածք են փորձել ներթափանցել Իրաքի հյուսիսային շրջաններից, ուժայինները փորձել են կանխել, ինչից հետո էլ բախումներ են սկսվել:
Թուրքիայի ուժայինները շարունակում են Հաքքարիում PKK-ի դեմ գործողությունները, որոնց ներգրավված է նաև թուրքական օդուժը:
Թուրքիայի զինուժը նաև գործողությունները է իրականացնում Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական ճամբարները:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Զինծառայողների հետ միասին քրդերի դեմ գործողություններին մասնակցում են նաև «գյուղական պահապանները», որոնք հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են և գործում են ժանդարմերիայի հրամանատարության ներքո: