Վիգեն Սարգսյան. Բոլորը պետք է ծառայեն. ԲՈւՀ ավարտածներից ով ցանկանա՝ որպես սպա, ով ոչ՝ որպես շարքային

ՀՀ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցադրումներին, պատասխանել է, որ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում պետք է ծառայեն բոլորը՝ անկախ բարձրագույն կրթությունից: ԲՈւՀ ավարտածները ունեն ընտրելու հնարավորություն՝ ծառայելու որպես սպա:

«Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը: Եթե ի վիճակի է ծառայել որպես սպա, բարձրագույն կրթություն ունեցող, գիտական ներուժ ունեցող մարդ, կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում և ուզում է ավելի արագ, կարճ, երկու տարվա ընթացքում շարքային կազմում ծառայություն անցնել՝ կարող է ընտրել այդ տարբերակը:

Ես ուզում եմ Ձեր հարցին պատասխանելով ևս մեկ անգամ շեշտել, որ որևէ պարտադրանք այս քաղաքականությունները իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն են տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին ուզում իր պարտքը կատարել, սահմանադրական պարտքը հայրենիքի նկատմամբ»:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ որոշակի բացառություններ կարող են արվել՝ առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների համար:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ այս օրենքների ընդունմամբ մենք ընդամենը ձևավորում ենք իրավական դաշտը, այնուհետև, տեսել եք որ, ծառայություն անցնելու կանոնները և պայմանները նախատեսված է, որ պետք է սահմանվեն կառավարության կողմից:

Մենք այդ փուլում միշտ կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել գիտությամբ զբաղվող, առանձնահատուկ հաջողության հասած մեր երիտասարդ գիտնականների՝ ծառայության հատուկ պայմանների հետ կապված»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Այսօր քննարկվում է սահմանադրական փոփոխություններից բխող երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Եթե առաջինը սահմանում է ԶՈւ ԳՇ պետի, այլ պաշտոնատար անձանց, վարչապետի, պետական մարմինների լիազորությունները, ապա երկրորդը սահմանում է զինծառայության կարգը: Մասնավորապես նախատեսվում է վերացնել ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով տրամադրվող տարկետումը: Փոխարենը ԲՈւՀ-երում սովորողները կարող են միանալ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերին ու ծառայել 3 տարի որպես սպա: Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Ավելացնենք, որ օրենքի ընդունվելու դեպքում չի տարածվի արդեն տարկետում ստացածների նկատմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *