Իրաքյան Քրդստանը սառեցրել է անկախության հանրաքվեի արդյունքները

Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու որոշումը: էրբիլը պարտությունների ֆոնին ցանկանում է բանակցություններ սկսել Բաղդադի հետ:

Իրաքի կառավարության հայտարարությունում նշվում է, որ անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել ռազմական գործողությունները Իրաքի կառավարական ուժերի և քրդական Փեշմերգայի միջև: Քրդական կառավարությունը ներկայացրել էր 3 կետից բաղկացած առաջարկ՝

      1. Անհապաղ հրադադար և Քրդական շրջանում բոլոր ռազմական գործողությունների դադարեցում,
      2. Դադարեցնել Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքները,
      3. Սահմանադրության հիման վրա երկխոսություն սկսել Իրաքյան Քրդստանի և Իրաքի Դաշնային կառավարության միջև:

Ավելի ուշ կառավարության առաջարկի հիման վրա Իրաքյան Քրդստանի խորհրդարանն ընդունել է հանրաքվեի արդյունքները 8 ամիս ժամկետով հետաձգելու որոշում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական բանակը և շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման ուժերը հարձակվել էին քրդական ուժերի վրա: Շուրջ մեկ շաբաթ տևած գործողություններում Բաղդադը կարողացել է վերահսկողություն հաստատել Քիրքուքում, նավթագազային հանքավայրերում, Սինջարում: Ներկայում իրաքյան ուժերը շարունակում են առաջխաղացումն արդեն հենց քրդական ռեգիոնալ շրջանի տարածքում՝ ընդհուպ ձգտելով մինչև Թուրքիայի սահման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *