Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քննարկումները դեռևս շարունակվում են:

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հիմնականում ուղղված է ՀՀ զինված ուժերի օրենսդրական դրույթները փոփոխված սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Օրինագծով սահմանվում են մի շարք կարևոր դրույթներ, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի լիրազորություններին վերաբերող:

Մասնավորապես սահմանվում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կարող է նշանակվել 5 տարի ժամկետով, առավելագույնը 2 անգամ անընդմեջ: Խաղաղ ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմական իրադրության ժամանակ՝ ՀՀ վարչապետին: Նոր սահմանադրության և այս օրինագծի համաձայն՝ հենց ՀՀ վարչապետն է ստանձնում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, ի տարբերություն գործող օրենսդրական դրույթների, համաձայն որոնց, գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է:

Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են զինված ուժերի, պաշտպանության նախարարության գործունեությանը, գործառույթներին վերաբերող մի շարք այլ դրույթներ ևս:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այն ևս հիմնականում բխում է սահմանադրական փոփոխություններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *