Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո Արցախի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 մմ ականանետներ: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնում է ՊԲ կայքը:
Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվում է, որ Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ:
Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-23-ին Ադրբեջանն Արցախի դիրքերի ուղղությամբ կիրառել էր Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ: Հոկտեմբերի 24-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այդ զինատեսակների կիրառման ապացույցները ներկայացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: