Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել երկրի հարավային Գազիանթեփ նահանգի ԶՈւ ստարաբաժանումներ: Դրանք տեղակայվել են Իսլահիե գավառում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Շարասյան մեջ ներգրավված է եղել 5 միավոր հաուբից, զրահափոխադրիչների քանակի մասին հստակ տվյալներ հայտնի չեն:
Միևնույն ժամանակ, թուրքական զինուժը շարունակել է զինտեխնիկա և զինծառայողներ փոխադրել Սիրիային սահմանակից մեկ այլ նահանգ՝ Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի ստորաբաժանումներ:
Նշենք, հետախուզական գործողություններից հետո Թուրքիայի զինուժը հոկտեմբերի 12-ին ներխուժել է Սիրիայի Իդլիբ նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Ներկայում Թուրքիայի զինուժը այնտեղ ստեղծել է 1 դիտակետ, նախատեսում է ստեղծել ևս մի քանիսը:
Սիրիայի իշխանությունները պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերը՝ հայտարարելով, որ դա խախտում է իրենց երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Ռուսաստանյան կողմից մինչև այժմ արձագանք չի եղել Իդլիբում թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ, սակայն Իրանը կարծես այնքան էլ «ջերմ» չի ընդունում թուրքական զինուժի ներկայությանը: Իրանի ԶՈւ ԳՇ պետը Սիրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը դեմ է, երբ որևէ պետություն մտնում է մեկ այլ պետության տարածք, առանց թույլտվություն ստանալու այդ երկրից: Սա, ըստ երևույթին, ուղղված է թուրքական զորքերի դեմ:
Նշենք, որ Իդլիբում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերին Աստանայում: Սիրիայում հրադադարի պահպանման և «ոչ բախումային գոտիների» ստեղծման երաշխավորներն են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:
Բացի Իդլիբից, Թուրքիայի զինուժը ներկայում տեղակայված է նաև Ջերաբլուս-Ազեզ շրջանում: