Հոկտեմբերի 19-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սիրիայում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեյջին և նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը (1,2)։
Սիրիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Ավելի վաղ Բաղերին հանդիպել էր Սիրիայի ԶՈւ ԳՇ պետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Սիրիայում ներկայում ընթացող զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների ռազմական համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ Ալի Այուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բաղերին նաև շեշտել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և «Իրանը դեմ է, երբ որևէ երկիր կամ զինված ուժ մեկ այլ երկիր է մուտք գործում առանց այդ երկրի թույլտվության»։
Բաղերիի այս հայտարարությունը ամենայն հավանակությամբ ուղղված է Թուրքիային, ով, հակառակ Սիրիայի կառավարության ցանկության, զորքեր է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգում։
Թուրքական զինուժի Իդլիբ ներխուժումը Սիրիան համարում է իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և հայտարարում, որ այն հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է. Իրանը Սիրիային աջակցում է թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով: