ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախում շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանն հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 22-24-ին Ադրբեջանի զինուժը Արցախի դիրքերի ուղղությամբ կիրառել է «Սպայկ» հակատանկային հրթիռներ, ականանետներ, այդ թվում հոկտեմբերի 24-ին՝ 60 մմ ականանետ: Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել էր այս խախտումների ապացույցներ:

Հիշեցնենք, որ 2017 թ. սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը կրկին դիտարկումն անցկացրել էր Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *