Արդեն տարկետում ունեցող ուսանողները նոր օրենքով դրանից չեն զրկվի

«Զինծառայության մասին» նոր օրենքն ընդունվելու դեպքում տարկետման իրավունքի փոփոխությունը չի տարածվի և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում սովորող ու ներկայում տարկետում ունեցող քաղաքացիների նկատմամբ։ 

Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Տարկետման իրավունք ունեցողների վրա փոփոխությունը չի տարածվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Թեմայի վերաբերյալ Ռազմինֆոն զրուցել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարվա զորակոչը արդեն ավարտվել է, ըստ այդմ՝ չեն հասցնի հետին ուժ տալ։ Պաշտպանության նախարարությունը նախապատրաստվում է տարկետման հետ կապված հարցերը լուծել գոնե հունվարի զորակոչին։

«[Մինչ] այս ստացողների հետ ևս հնարավոր է փորձել իրագործել «Պատիվ ունեմ» ծրագիրը։ Իրենք, մեկ է, արդեն ստացել են և, մեկ է, ծառայելու են, որովհետև իրենց ամեն դեպքում երկրորդ փուլի տարկետման իրավունք չենք տալու»,–նշեց ՀՀ ՊՆ խոսնակը։

Եթե մինչ այս տարվա դեկտեմբերը քաղաքացին ասպիրանտուրայի համար արդեն ստացել է տարկետում, ապա գիտական թեկնածու դարձած անձը ամեն դեպքում ազատված է լինելու․ «Նոր օրենքը այլևս թույլ չի տա, բայց նախկինների վրա չի ազդի»։

Նշենք, որ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն  ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Այսպիսով՝ օրենքի նախագծով պարտադիր զինծառայությունից տարկետում կտրվի միայն նպատակային ուսումնառության համար, այսինքն՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցներին: Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *