Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի զինուժը շարունակել է զինտեխնիկա ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից տարածքներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զրահափոխադրիչների և զրահամեքենաների նոր խմբաքանակը տեղակայվել է Ռեյհանլը գավառի սահմանային ստորաբաժանումներում:
Նույն օրը թուրք-սիրիական սահմանին՝ Ռեյհանլը գավառում, տեղակայված թուրքական ստորաբաժանումներ է այցելել և հերթական ստուգումներ է անցկացրել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Աքարին զեկուցել են Իդլիբում իրավիճակի և սահմանային զորամասերում զինտեխնիկայի համալրումների մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, Թուրքիայի զինուժը ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցություններում կողմերը համաձայնության են եկել Իդլիբում ևս «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ թուրքական զինուժը տեղակայվում է Իդլիբի ներսում, իսկ ռուսաստանյան զինուժը դրա սահմաններին:
Հատկանշական է, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը Սիրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և «Իրանը դեմ է, երբ որևէ երկիր կամ զինված ուժ մեկ այլ երկիր է մուտք գործում առանց այդ երկրի թույլտվության»։ Այս հայտարարությունը, ըստ երևույթին, ուղղված է եղել թուրքական զինուժի դեմ: Սիրիական կողմը ևս հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի զորքերը Իդլիբից:
Նշենք, որ Սիրիական ճգնաժամում Իրանը և Ռուսաստանը աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն Թուրքիան դեմ է, որ Ասադը շարունակի ղեկավարել երկրում:
Իդլիբ նահանգում զորքեր տեղակայելով՝ Թուրքիան կտրուկ մեծացնում է իր վերահսկած տարածքները Սիրիայի հյուսիսում: Թուրքական զորքերը ներկայում տեղակայված են նաև Ջերաբլուս-Ազեզ ընկած հատվածում: