Ռաքքայից հետո Սիրիայի քրդերը ուժերն ուղում են դեպի Դեր Զորի նահանգ

Ռաքքան շուրջ 5 ամսվա մարտերում ազատագրելուց հետո ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը պայքարը շարունակելու են Սիրիայում ԻՊ վերջին հենակետ Դեր Զորի նահանգում:Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է SDF-ի մամուլի խոսնակ Թալալ Սիլոն:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

Ռաքքայի ազատագրմանը մասնակցած ուժերը կուղվեն դեպի Սիրիայի արևելք՝ Դեր Զորի նահանգ՝ շարունակելու և արագացնելու այնտեղ պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որը աստիճանաբար կորցնում է դիրքերը նաև Սիրիայում իր համար վերջին հենակետ Դեր Զորի նահանգում:

«Ուժերի մեծ մասը կուղվի այդ տարածքներ՝ Դեր Զորի ռազմական խորհրդի [SDF-ի ստորաբաժանումը Դեր Զորում – խմբ. Ռազմինֆոյի] հետ միասին ռազմարշավին միանալու համար», —  նշել է Սիլոն:

Հիշեցնենք, որ SDF խմբավորումը Դեր Զորի հյուսիսում ԻՊ դեմ առաջխաղացումը սկսել էր սեպտեմբերի սկզբից՝ Ռաքքայի ազատագրության գործողություններին զուգահեռ: Քրդական ուժերը ներկայումս մոտեցել են նահանգի նույնանուն քաղաքին, որը շրջապատել են և զգալի մաս վերահսկում են Սիրիայի կառավարական ուժերը: Միևնույն ժամանակ քրդական ուժերը ԻՊ-ից ազատագրել են Եփրատից արևելք ընկած տարածքները: Ի լրումն սրա՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայից հայտնել են, որ խմբավորումը բուն քաղաքի ուղղությամբ շարժվելու պլաններ չունի:

Կարելի է ենթադրել, որ Եփրատի արևելյան տարածքների ազատագրումով՝ ԱՄՆ-ն քրդական ուժերի միջոցով փորձում է Սիրիայի կառավարական ուժերին հեռու պահել Իրաքի հետ սահմանի այդ հատվածից:

Դեր Զորի նահանգում ՌԴ զինված ուժերի օգնությամբ ԻՊ դեմ ռազմական գործողությունները շարունակում են Սիրիայի կառավարական ուժերը: Բանակին արդեն հաջողվել է ազատագրել Դեր Զոր քաղաքի զգալի հատված և շրջափակել այնտեղ ԻՊ ահաբեկիչներին: Դրան զուգահեռ կառավարական ուժերը շարժվում են դեպի հարավ և կարողացել են գրավել Մայադին քաղաքը:

Հիշեցնենք, որ SDF խմբավորումը արդեն նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոն համարվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին հայտարարել էր հոկտեմբերի 17-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *