Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան դեռևս չեն քննարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ փոխանցելու հարցը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Ս-400-ների գործարքի առաջին փուլում համակարգերի համատեղ արտադրություն չի նախատեսվում:
Ռուսաստանյան կողմից ավելի վաղ ևս հայտարարություններ արվել են, որ Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը անցել է կատարման փուլ, սակայն տեխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկվում:
Թուրքիան և Ռուսաստանը Ս-400-ների հարցով բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից: Ըստ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Համակարգերի մակատարարումը նախատեսվում է սկսել 2018-ից:
Նույնիսկ, եթե Ս-400-ների վաճառքի շուրջ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնվել են չի բացառվում, որ ապագայում Թուրքիան այլ պետություններից առավել շահավետ առաջարկներ ստանա կամ էլ ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվի այդ համակարգերից: