Ռուսաստանի զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնում պատրաստություն են անցնում Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի սակրավորներ: Եվս երկու երկրի ներկայացուցիչներ պատրաստությունը կսկսեն նոյեմբերից: Այս մասին ռուսաստանյան Известия լրատվակայքին հայտնել է գնդապետ Իգոր Միխայլյուկը:
«Այսօր մեր կենտրոնում սովորում են երեք երկրի ներկայացուցիչներ (Բելառուս, Հայաստան, Ղազախստան), ևս երկու երկրի ներկայացուցիչներ կրթական ծրագիրը կսկսեն նոյեմբերից: 9 երկիր էլ հայտ է ներկայացրել:
Մենք միջազգային ստանդարտներով ենք սովորեցնում: Կիրառում ենք Սիրիայի փորձը՝ հաշվի առնելով կոնկրետ երկրների առանձնահատկությունները:», – նշել է գնդապետ Միխայլյուկը:
Նշենք, որ 2017 թվականի հունվարին Հայաստանի ԶՈւ զինծառայողները Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում լրացուցիչ մասնագիտական դասընթաց էին սկսել, որը տևելու էր 2-3 ամիս:
Ավելի վաղ՝ 2016 թ. հունիսի 7-ին, Բիշքեկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել էին 21 փաստաթուղթ, որից երկուսը՝ ռազմական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթերից մեկի համաձայն՝ Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում պատրաստվելու են ականազերծման մասնագետներ՝ ԱՊՀ երկրների զինված ուժերի համար: