Թուրքիան Ս-400 համակարգերի համար առաջին վճարումն արել է Ռուսաստանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Հայտարարությունը փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

«Ս-400-ների համար մեր գործընկերները ստորագրություններ դրել են: Որքանով տեղյակ եմ կանխավճարն էլ է տրվել: Հետագա գործընթացը կշարունակվի Ռուսաստանի՝ մեզ փոխանցվելիք վարկի միջոցով: Թե՛ պարոն Պուտինը, թե՛ ես այս հարցում վճռական ենք», — հայտարարել է Էրդողանը:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ս-400-ների համար պայմանագիրը ստորագրվել է, պատրաստվում են դրա իրականացմանը:

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարման հարցը գործնականում «վերջանալու վրա է», սակայն վերջնական պայմանավորվածություն չկա:

Մինչ այդ, օգոստոսի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել այդ համակարգերի վաճառքի հարցում: Իսկ օգոստոսի 22-ին «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության տնօրենը հայտարարել էր, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը մոտ է կնքմանը:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Սակայն նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում, չի բացառվում, որ ամերիկյան կողմից կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում, Թուրքիան հրաժարվի ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերից:

Առավել ևս, որ նման նախադեպ արդեն եղել է Չինաստանի հետ: 2013-ին Թուրքիան և Չինաստանը համաձայնվել էին ՀՕՊ միջոցների վաճառքի հարցում, սակայն հետագայում ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան հրաժարվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *