ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ «Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը գործնականում «վերջանալու վրա է»: Նա ավելացրել է, որ դեռևս «ճշտելու նյուանսներ կան», վերջնական պայմանավորվածություն չկա: Շուգաևն այս մասին հայտնել է Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ ձեռք է բերվել այդ երկրին Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու պայմանավորվածություն՝ Շուգաևն նշել է.
«Այս հարցը գործնականում «վերջանալու վրա է», բայց խոսքը ոչ թե հրազենի, այլ լուրջ համակարգի մատակարարման մասին է, այդ պատճառով նրբություններ (նյւոանսներ) կան: Ես մեծ հույս ունեմ, որ շուտով կհանգենք դրական վերջնարդյունքի:
Մեր «անդրօվկիանոսյան ընկերները», իհարկե, սրտնեղում են, որ Թուրքիան անկախ պետություն է և ինքը կարող է որոշել գնե՞լ, թե չգնել…»:
Հիշեցնենք, որ ընթացիկ ամսում թուրքական և ռուսաստանյան կողմերից հայտնել էին, որ կողմերն արդեն համաձայնության են հասել: Օգոստոսի 25-ին նման հայտարարություն արել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Իսկ օգոստոսի 22-ին «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության տնօրենը հայտարարել էր, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը մոտ է կնքմանը: