Թուրքիան և Ռուսաստանը Ս-400-ների հարցում հասել են համաձայնության. Թուրքիայի վարչապետ

Օգոստոսի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցում համաձայնության են հասել:Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Թուրքիայի վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական կողմից Ս-400 համակարգերի վերաբերյալ վերջնական որոշումը ընդունելու է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն:

Այդ կոմիտեն ղեկավարում է հենց Բինալի Յըլդըրըմը՝ որպես երկրի վարչապետ: Կոմիտեի անդամներից են Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության տնօրենը հայտարարել է, թե Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին պայմանագիրը մոտ է կնքմանը:

Ռազմինֆոյի հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը հայտնեց, որ Ս-400-ների գնման համար պատրաստվել են համապատասխան փաստաթղթեր, բանակցություններ են իրականացվել, սակայն պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: 

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Նշենք, որ նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում, չի բացառվում, որ ամերիկյան կողմից կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում, Թուրքիան հրաժարվի ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերից:

Առավել ևս, որ նման նախադեպ արդեն եղել Չինաստանի հետ: 2013-ին Թուրքիան և Չինաստանը համաձայնվել էին ՀՕՊ միջոցների վաճառքի հարցում, սակայն հետագայում ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան հրաժարվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *