Ռազմական շաբաթվա ամփոփում` Ադրբեջան. մարտի 10–17

Իշխանությունը ցրեց «Բանակում մահերին ո´չ» բողոքի ցույցը, երեք կորուստ շաբաթվա ընթացքում, Ալիևը պարգևատրել է ներքին զորքերի զինծառայողների, ոմանց՝ հետմահու, Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր։

1. Կիրակին Ադրբեջանում. իշխանությունը ցրեց «Բանակում մահերին ո´չ» բողոքի ցույցը։

2. Մեկ շաբաթում՝ երեք կորուստ։

3. Ադրբեջանի նախագահը պարգևատրել է ներքին զորքերի զինծառայողների Ադրբեջանի ՆԳՆ զորքերի ստեղծման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Ադրբեջանի նախագահը պարգևատրել է 15 զինծառայողների։ Հրամանագրում նշվում է, որ լեյտենանտ Քերիմով Չինգիզխան Ջումշուդ օղլին և շարքային Յուսիֆով Ջամալեդդին Իսլամ օղլին պարգևատրվել են հետմահու, մինչդեռ բաց աղբյուրներում որևէ տեղ չի հիշատակվել այդպիսի անուններով զինծառայողների զոհվելու մասին։ Փաստաթղթում էլ նշված չեն զոհվելու հանգամանքները։ Հավանաբար հերթական անգամ գործ ունենք Ադրբեջանի մարտական կորուստները կոծկելու փորձի հետ։

4. Քաղպաշտպանության միջազգային գիտաժողով՝ Գաբալայում։ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության և Ադրբեջանի ԱԻՆ-ի նախաձեռնությամբ Գաբալայում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին տեղեկացման, պաշտպանության և փրկության հարցերին։

5. Ադրբեջանի ԱԻՆ-ը լայնամասշտաբ վարժանք անցկացրեց. Բաքվում ավարտվեցին ԱԻՆ «Խազար-2013» լայնամասշտաբ մարտավարական վարժանքը, որոնց մասնակցում էին նաև Կասպից ավազանի վթարային-փրկարարական ծառայության անձնակազմն ու տեխնիկան։ Վարժություններն ավարտվեցին տեխնիկայի ցուցադրմամբ։ Ադրբեջանի ԱԻՆ-ը նման միջոցառումներ անցկացրել է 2010-ին, նաև՝ 2012-ին, սակայն ոչ այսքան լայնամասշտաբ։

6. Թուրք գեներալներն ու ծովակալներն Ադրբեջանում են. մարտի 13-15-ը Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի 21 գեներալներ և ծովակալներ Ադրբեջանում էին։ Նրանք հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ. Այցի շրջանակներում նախատեսված է կնքել մի շարք համաձայնագրեր։ Պատվիրակության ղեկավար գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն էլ ավելի է սերտանալու։

Թուրք բարձրաստիճան սպաների բազմամարդ այցը արտառոց չէ Ադրբեջանի համար. նման այցեր եղել են դեռևս 2008-ին, ինչպես նաև ոչ վաղ անցյալում՝ 2012-ի փետրվարին և հունիսին։

7. Ադրբեջանը կմասնակցի ՆԱՏՕ-ի դասընթացներին Գերմանիայում. Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ մարտի 17–20 ադրբեջանցի զինվորականները կուսումնասիրեն Ղազախստանի զինպատրաստության համակարգը, ապա մարտի 18–20 կմասնակցեն անգլերենի դասընթացների Սլովենիայում, իսկ մարտի 25–29՝ Գերմանիայի Օբերամերգաու քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների: Դասընթացների բովանդակության մասին տեղեկություններ գտնել չհաջողվեց։

8. Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր։ Հրապարակվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի սովորական սպառազինության մասին 2011-ի տարեկան զեկույցը, համաձայն որի Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել 4 ՄԻ-35Մ ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև դյուրակիր ԶՀՀ 100 արձակման կայան և 500 հրթիռ։ Նշենք, որ զեկույցում ոչ մի խոսք չկա Հայաստանին վաճառած սպառազինության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *