Ռազմինֆոն մեկնաբանում է ՄԻՊ զեկույցը ՊՆ գործունեության մասին

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն Պաշտպանը յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում երկրի Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում է այն ԱԺ նիստում։ Զեկույցը ստանում են նաեւ լրատվամիջոցներն ու «համապատասխան հասարակական կազմակերպությունները»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՄԻՊ գրասենյակը զեկույցում անդրադարձել էր նաև ՊՆ 2012թ. գործունեությանը:

Զեկույցին ծանոթանալուց հետո, այնուամենայնիվ, մնացին հարցեր, որոնց պատասխանները Ռազմինֆոն փորձեց ստանալ ՄԻՊ աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների փորձագետ Երանուհի Թումանյանցից։

Զեկույցում նշված է`

2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:

Մեզ մոտ հարց առաջացավ, թե ով է «հայտնաբերել» այդ թիվը և ինչպես։ Նաև հարց է, թե այդ դեպքերից քանիսը կարելի է բնութագրել որպես ծանր:

Ըստ Թումանյանցի` այս տվյալները ՊՆ պաշտոնապես տրամադրած տվյալներն են: ՄԻՊ գրասենյակը մոնիտորինգ նույնպես արել է, բայց քանի որ ստացած թիվը ավելի փոքր է եղել, նախընտրել են հրապարակել ՊՆ թվերը: «Բացի այդ ծանր դեպք այդպես որակել ճիշտ չի լինի, քանի որ չենք կարող այդպես ասել. դա պատճառական կապի արդյունք պետք է լինի», — նշում է փորձագետը: Պարզվեց նաև, որ ՄԻՊ գրասենյակը ոչ բոլոր դեպքերում է ստուգում միջադեպերի մասին հաղորդումների իսկությունը, թեև գրանցում է հաղորդում ստանալու փաստը որպես միջադեպի մասին հայտարարություն։

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:

Հետաքրքրվեցինք, թե այդ դիմումներից քանիսն են դրական պատասխաններ ստացել:

«Այդ 1000 դիմում-բողոքներից բավարարվել են վեցը: Այս թիվը նույնպես ՊՆ-ի տրամադրած արդյունքն է», — պարզաբանում է Երանուհի Թումանյանցը:

Այդ դեպքում այդպես էլ անհասկանալի է մնում, թե դիմում-բողոքների քանակն ինչ կապ ունի բժշկական հանձնաժողովների արդյունավետության աստիճանի հետ։ Մյուս կողմից էլ պարզ չէ, թե որքանով հիմնավոր են եղել դիմումների մերժումները։ Փաստորեն, ՄԻՊ գրասենյակն ուղղակի փոխանցել է ՊՆ տրամադրած վիճակագրական տվյալները։

Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:

Փորձեցինք ճշտել, թե արդյոք ինչ-որ մեկը պատժվել է այս խախտումների համար:

Փորձագետի փոխանցմամբ այդ մասին հստակ տվյալներ չունեն: «ՊՆ-ն ինքնին ընդունել է այդ հանգամանքը, ասել է, որ այո՛, այդպիսի դեպքեր կան, բայց դա արվում է զորամասի մարտունակության պահպանման նպատակով, սակայն իրավական տեսակետից դա հայրենասիրական ոգով կարելի է դիտարկել», — նշում է փորձագետը:

Ռազմինֆոյի լրագրողը փորձեց պարզել, թե առողջական վիճակի հետ անհամատեղելի հրաման կատարելն ինչպես կարելի է համարել «հայրենասիրական» քայլ:

«Այստեղ այդ խնդիրն է, որ ՊՆ-ն պատճառաբանում է զորամասի մարտունակության պահպանմամբ և ստացվում է, որ զինծառայողը կատարում է այն աշխատանքը, որը ուղղակի անհամատեղելի է իր առողջության հետ», — բացատրեց ՄԻՊ գրասենյակի փորձագետը:

Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։

Փորձեցինք հասկանալ, արդյոք այս երկու կետերը իրար չեն հակասում:

Թումանյանց. «Իրականում հակասություն չկա, ուղղակի Պաշտպանը ֆիքսում է, որ այսօրվա դրությամբ ունեն բնակարանային խնդիր: Մենք ֆիքսում ենք, որ այդ խնդիրը կա, ու ՊՆ-ն էլ է դա ընդունում է, բայց միաժամանակ չենք կարող չարձանագրել, որ որոշ հատված էլ ստացել է: Շատ կարևորում էլ ենք նաև վարձակալած բնակարանների դիմաց տրվող փոխհատուցումը»:

Այնուամենայնիվ հարցը բաց է մնում, թե ինչով է տարբերվում բնակարան վարձելու համար գումար տրամադրելը «բնակարանային պայմաններ ապահովելուց», և եթե ՊՆ-ն գումարը տրամադրել է, ապա որն է խնդրի էությունը։

Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:

Ի՞նչ տիպի «անհարգալից վերաբերմունքի» մասին է խոսքը։ Արդյո՞ք սա իրավական, առավել ևս մարդու իրավունքների խնդիր է, թե էթիկայի։

Պարզվեց, որ այս հարցն իսկապես իրավական հարթության մեջ չէ: Ինչպես նշում է փորձագետը` անհարգալից վերաբերմունքի դրսևորում է հայհոյանքը: «Բողոքում են զորամասերի հարակից շրջաններում բնակվող մարդիկ, ավելի կոնկրետ` զանգահարելով ՄԻՊ թեժ գիծ: Քանի որ իրենք առանձին դիմում չեն գրել, զորամասն էլ մոտավոր ենք պատկերացնում, անլուրջ կլիներ մեր կողմից դրան ընթացք տալը: Մենք ֆիքսել ենք տարեկան զեկույցում ընդհանուր վիճակը», — մեկնաբանում է Ե. Թումանյանցը:

Փաստացի ստացվում է, որ «տարեկան զեկույցում ֆիքսված ընդհանուր վիճակի» հիմքում չստուգված և անանուն ահազանգերն են, որոնցով զբաղվելը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցն էլ է բնութագրել որպես անլուրջ, ինչը սակայն չի խանգարել, որ այդ տվյալները արտացոլվեն զեկույցում։ Պարզ չի նաև, թե ինչ առնչություն ունեն էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումները մարդու իրավունքների հետ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:

Ռազմինֆոյի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է ՄԻՊ-ը տեղեկացել այդ մասին և ինչ պատիժներ են կրել մեղավորները:

Երանուհի Թումանյանցի խոսքով՝ դարձյալ թեժ գծով ստացած ահազանգերով: «Բացի այդ այս կետը ընդհանուր տեղեկատվություն է ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում ստացված, ինչպես նաև լրատվադաշտից վերցրված: Նույնպես չի եղել կոնկրետ դիմում-բողոք: Շատ հաճախ անձիք ուղղակի վախենում են այդ չարաշահումների հետևանքով: Իրենք մտավախություն ունեն, որ հետագայում նույնպես կարող են հետապնդվել, դրա համար մենք առանց դիմում-բողոքի, ցավոք, չենք կարող ընթացք տալ», — նշում է փորձագետը:

Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:

Երանուհի Թումանյանցի պարզաբանմամբ սրանք նույնպես ՊՆ տվյալներ են: Թեպետ տեղյակ չենք, թե հատկապես ինչ տվյալներ է տրամադրել ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին, բայց Ռազմինֆոյի մոնիտորինգի տվյալներով 2012 թվականին հայկական զինված ուժերի մարտական և ոչ մարտական կորուստները կազմել են 50 զինծառայող` 2011-ի 36-ի դիմաց։ Այսինքն` մահերի նվազման մասին այս տարի խոսք չի կարող լինել, ի տարբերություն 2011 թվականի, երբ 2010-ի համեմատ իսկապես նվազում էր արձանագրվել։

Կարծում ենք, որ Ազգային Ժողովին և հանրությանը նման կերպ ապատեղեկացնելն անընդունելի է և հույս ունենք, որ գործ ունենք տեխնիկական թերացման, այլ ոչ թե փաստերի մտածված աղավաղման հետ։ Համենայն դեպս ՄԻՊ գրասենյակում խոստացան ճշտել և պաշտպանության նախարարությանը համապատասխան հարցում ուղարկել։

Հնարավոր է, որ խոսքը «մահվան ելքով միջադեպերի» (մեկ միջադեպում կարող են մի քանի մարդ զոհվել, օրինակ՝ ավտովթարի կամ մարտական գործողությունների դեպքում) թվի նվազման մասին է, այլ ոչ թե «մահվան դեպքերի», սակայն այդ դեպքում ձևակերպումները պիտի ավելի հստակ լինեն։

Որպես ամփոփում նշենք, որ ցավոք, ՄԻՊ գրասենյակի զեկույցում ներառված տվյալների մի մասի հավաստիությունը փաստորեն որևէ կերպ ստուգված չէ։ Հաշվի առնելով, հայկական բանակում առկա խնդիրների, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման բացառիկ կարևորությունը, հույս ենք հայտնում, որ հետագայում ՄԻՊ գրասենյակն ավելի հետևողական և պատասխանատու կլինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *