Ռազմական շաբաթվա ամփոփում. մարտի 3–9

Նախորդ շաբաթ.

  1. Օմբուդսմենն անդրադարձել է 2012թ. ՊՆ գործունեությանը:
  2. Սեյրան Օհանյանն ընդունել է Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:
  3. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
  4. Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր:
  5. Մարտի 9-ին Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն էր:

1. ՄԻՊ գրասենյակը հրապարակել է 2012թ. ՊՆ գործունեության մասին զեկույցը:

Ըստ զեկույցի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

  • 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր։
  • Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձևերի մասին։
  • ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:
  • Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:
  • Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:
  • ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:
  • Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:
  • Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:
  • Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:
  • ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:

Արձանագրված դրական զարգացումները.

  • 2012 թվականին ընդունվել է «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:
  • Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:
  • Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:
  • 2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։

2. ԵՄ պատվիրակությունը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հվ Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր:

3. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

Այցի շրջանակներում մարտի 7-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Ալասանիայի առանձնազրույցը, այնուհետև՝ պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո Օհանյանն ու Ալասանիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են ռազմական ոլորտում միջգերատեսչական համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

4. Վազգեն Սարգսյան — 54

Մարտի 5-ը ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ օրը նա կդառնար 54 տարեկան: Վազգեն Սարգսյանը հայոց բանակաշինության գործում ամենամեծ դերակատարություն ունեցած անձերից մեկն է: Տարբեր տարիներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, պետնախարար, վարչապետ։ Զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Թաղված է Եռաբլուրում:

5. Դուշման Վարդան — 47

Մարտի 9-ը Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր, «Շուշիի ազատագրման» մեդալակիր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) ծննդյան օրն է: Նա կդառնար 47 տարեկան: Ստեփանյանը զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկերների Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: Թաղված է Եռաբլուրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *