Երեք կորուստ Ադրբեջանի բանակում մեկ շաբաթում

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը մարտի 10-ին հաղորդել է, որ շփման գծում Բեյլագանի ուղղության վրա [խոսքը Հորադիզի հատվածի մասին է. Ռազմինֆո] «հայ դիպուկահարի գնդակից» զոհվել է 1994թ. ծնված Աբիլով Ալի Իլհամ օղլուն: ՀՀ ՊՆ խոսնակը ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանցիների պնդումը հայ դիպուկահարի մասին:

Մարտի 13-ին ադրբեջանցի մեկ այլ զինծառայող, ենթասպա Ռոման Իսլամ օղլու Մամեդովը (ծնվ, 1986 թ.) զոհվել է Նախիջևանում Ջուղա-Օրդուբադ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Երրորդ կորուստը գրանցվել է մարտի 16-ին. մահացել է սահմանապահ զորքերի զինծառայող Միրիև Էլվին Ֆիքրեթօղլուն։ Սակայն ըստ մահացածի ազգականներից Ուլվի Գուլիևի՝ Միրիևին սպանել է նրա հրամանատարը՝ աթոռակով հարվածելով, երբ զինվորը քնած է եղել: Հիշեցնենք, որ Ուլվի Գուլիևը քաղբանտարկյալ էր։

Նախնական տեղեկության համաձայն՝ զինվորը զոհվել էր հրազենային վնասվածքից, սակայն Սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ խոսվում է Միրիևի վատ ինքնազգացողության ու արյան ցածր ճնշման մասին: Ռազմական դատախազի ներկայությամբ իրականացված դիահերձման ժամանակ ոչ մի արտաքին ու ներքին վնասվածք չի հայտնաբերվել: Մինչ շարունակվում է Միրիևի գործի հետաքննությունը, ադրբեջանական մեդիադաշտում տարածվում են վերջինիս դին պատկերող լուսանկարները:

Ընդհանուր առմամբ տարվա սկզբից Ադրբեջանի ուժային կառույցներում տարբեր պատճառներով մահացել է 14 մարդ:

Ադրբեջանի՝ «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» ՀԿ մեդիա-կենտրոնում տեղի ունեցած «Վերջ զինվորների մահին» քննարկմանը մասնակցած զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց զավակների կորստի մեղավոր են համարում երկրի ռազմական ղեկավարությանը, ի դեմս` պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի: Նրանք դժգոհել են նախարարության արհամարհական վերաբերմունքի, զինվորների մահվան դեպքերը կոծկելու, դատավարությունների դանդաղ ընթացքի առնչությամբ, փոխարենը՝ իրենց երախտագիտությունը հայտնելով կիրակնօրյա բողոքի ցույցի կազմակերպիչներին՝ վկայելով, որ ցույցը քաղաքականացված չէր:

Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը բանակում կորուստների աճի խնդիր չի տեսնում։ ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը Ադրբեջանի ներքին զորքերի ստեղծման 21-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ ասել է, որ Facebook-ում բողոքի ցույցերին մասնակցելու կոչեր տարածողները փորձում են խախտել Ադրբեջանի կայունությունը։ «Որոշ ուժեր առանձին վերցրած ընտանիքների ողբերգությունն օգտագործելով սեփական քաղաքական ձգտումներում` հրահրում են երիտասարդությանը՝ բողոքել բանակի դեմ՝ սերմանելով անվստահություն բանակի նկատմամբ, բայց դրանք ապարդյուն փորձեր են», — հայտարարել է նա:

Ռազմական-գիտական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից, գնդապետ Շաիր Ռամալդանովը, ով կորուստների մեծ թվով աչքի ընկնող Շամքորի կորպուսում հրամանատար է եղել նախկինում, պատասխանելով «Azadlyg» ռադիոկայանի լրագրողի հարցերին, հայտարարել է, որ ամենաքիչ կորուստներն Ադրբեջանի բանակում են, և, որ որևէ այլ տեղ միջադեպերի հետաքննությունն այնպես բծախնդիր չի տարվում, ինչպես Ադրբեջանում։ Հայտարարությունների հիմնավորում Ռամալդանովն այդպես էլ չի ներկայացրել, ավելին՝ նա անպատասխան է թողել լրագրողի մի քանի հարցեր, նաև՝ տվել թեմային չվերաբերող պատասխաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *