Նախորդ շաբաթ` Սեյրան Օհանյանը ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին, բրիտանական կազմակերպությունը գնահատում է ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ ռազմունակությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն զինակոչիկներին և զինծառայողներին:
1. Սեյրան Օհանյանը ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին
Մարտի 14-ին Հայաստանում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Այդ պաշտոնում նշանակվելուց հետո սա գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն էր ՀՀ:
Քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ:
2. Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը տարեկան զեկույցում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերին
Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) հրապարակել է աշխարհի պետությունների զինված ուժերի վերաբերյալ ամենամյա «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» զեկույցը, որում գնահատվում է նաև հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի ռազմունակության մակարդակը` առավելություն տալով հայկական կողմին:
Ըստ ինստիտուտի վերլուծաբանների՝ Հայաստանի ԶՈՒ հիմնական խնդիրը ավիացիոն ստորաբաժանումների թուլությունն է:
Զեկույցի հեղինակները բավականին թերահավատ են ադրբեջանական բանակի կարողությունների հանդեպ, նշելով օրինակ, որ չնայած լուրջ գնումներին` ադրբեջանցիները չեն կարողանում օդում միանշանակ առավելության հասնել ինչը «կարող է լուրջ ռիսկեր ստեղծել Արցախում հնարավոր գործողության դեպքում»:
3. ԵԱՀԿ-ն ՊՆ-ի հետ տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՊՆ-ի հետ համատեղ նախաձեռնել է զորակոչի և զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն: Խորհրդատվությունը տրամադրվելու է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում», որի հասցեն է ք.Երևան, Օրբելի 6/148:
Ռազմինֆոն փորձեց ճշտել, թե ովքեր կարող են ստանալ խորհրդատվություն: Ըստ կենտրոնի աշխատակցի` խորհրդատվություն կարող է ստանալ յուրքաքնչյուր ոք, բայց նախապես զանգահարելով կենտրոն գրանցման համար: