Կիրակին Ադրբեջանում. իշխանությունը ցրեց «Բանակում մահերին ո´չ» բողոքի ցույցը

Ըստ ադրբեջանական «Դոկտրինա» ՀԿ տվյալների՝ 2012 թվականին Ադրբեջանի բանակում գրանցվել է 97 անդառնալի կորուստ, որից 77-ը՝ ոչ մարտական։ Տասնմեկ հոգի ոչ կանոնադրական հարաբերությունների զոհեր են։ Այս փաստը բողոքի ալիք է բարձրացրել երկրում։

Մարտի 10-ին Բաքվի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ զինվորների մահերի` մասնավորապես շարքայիններ Ջեյհուն Ղուբադովի և Սեյմուր Ալլահվերդիևի։ Քաղաքապետարանը մերժել էր արտոնել ցույցը, իսկ ՆԳՆ-ն էլ հայտարարել էր, որ կասեցնելու են չարտոնված ցույցը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները հիմնականում NIDA երիտասարդական շարժումից են։ Ցույցին մասնակցում էին զոհված զինվորների հարազատներ, որոնք շրջում էին հրապարակում՝ զոհվածների նկարներով։ Մասնակիցների թիվը մի շարք աղբյուրներում տարբեր է ներկայացված. 500 – 1000, թեպետ ՌԻԱ Նովոստի գործակալության ադրբեջանական մասնաճյուղը հայտնում է մոտ 3000 մասնակիցների մասին։

Լուսանկարը՝ Ահմեդ Մուխթարի։ Սկզբնաղբյուր՝ Hamam Times

Լուսանկարը՝ Ահմեդ Մուխթարի։ Սկզբնաղբյուր՝ Hamam Times

Ոստիկանության զորքերը փակել էին հրապարակ մտնող փողոցները: Ցուցարարների մի քանի խումբ փորձեց մտնել հրապարակ։ Նրանք վանկարկում էին. «Ո՛չ ասենք բանակի մահերին», «Բանակը դիարան չէ»։ Ոստիկանները սկսեցին կրակել ռետինե փամփուշտներով, կիրառեցին ռետինե մահակներ, ջրցող մեքենաներ, ինչը ակնհայտ երևում է տեսանյութերում և լուսանկարներում։ Ցուցարաների մի մասը ձերբակալվեց, այդ թվում լրագրող-ակտիվիստ Խաջիջա Իսմայիլովան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ (ԱԺՃ) կուսակցության երիտասարդները փորձեցին մտնել հրապարակ Ծովափնյա պողոտայից։

Ցույցին մասնակցել են ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչները։ Հոկտեմբերի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարի խոսքերով «ցույցն ապացուցեց, որ իշխանության բռնի գործողությունների քաղաքականությունը չի կարող լռեցնել հասարակությանը»։ Սակայն իշխանական կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը բողոքի ակցիան համարում է «դրսից հովանավորվող ուժերի կողմից սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար մարդկանց ողբերգության օգտագործում»:

Ձերբակալվել է շուրջ 60 ցուցարար, այդ թվում ԱԺՃ, «Մուսավաթի», Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության անդամներ, լրագրողներ։ Նրանցից մի քանիսը տուգանվել են։ Մարտի 11-ին ձերբակալվածներից մեծ մասին ազատ արձակեցին։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, ոստիկանությունը թմրանյութ ու «Մոլոտովի կոկտեյլներ» ունենալու մեղադրանքով ձերբակալել էր NIDA երիտասարդական շարժման 3 անդամների։

Նշենք նաև, որ դեռևս մարտի 9-ին՝ Ստամբուլում և Բեռլինում, իսկ մարտի 10-ին՝ Նյու Յորքում ադրբեջանցի էմիգրանտները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից վերջ դնել ոչ մարտական կորուստներին։

Համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին կիրակնօրյա ցույցը։ Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունները կոչ արեցին ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին։

Ադրբեջանական մեդիադաշտում տարածվեց ամերիկյան արտադրության LRAD ակուստիկ զենքի լուսանկարը, որն այդ օրը տեղակայված է եղել Բաքվի կենտրոնական փողոցներից 4-ում՝ այդ թվում իշխող կուսակցության գրասենյակի մոտ: Այն նախատեսված է ամբոխի դեմ կիրառելու համար, օգտագործվել է 2007-ին Վրաստանում՝ հակակառավարական ցույցը ցրելիս։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը առնչություն չունի Ադրբեջանում հայտնված LRAD-ների հետ, քանի որ դրանք մարտական զենք չեն համարվում։ Հնարավոր է՝ Ադրբեջանն այն գնել է մասնավոր ընկերությունից։

Արդյո՞ք կիրակնօրյա ցույցը մեկնարկ կլինի Ադրբեջանում նոր բողոքի ակցիաների համար: Այս հարցի շուրջ կարծիքները միանշանակ չեն. ոմանք ցույցը համարում են դրսի ուժերի կողմից Ադրբեջանն ապակայունացնելու փորձ, մյուսները՝ Ալիևի կլանի դեմ ժողովրդական պայքարի սկիզբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *