Տարվա սկզբից, ըստ «Դոկտրինա» լրագրողների՝ ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալների, Ադրբեջանի ուժային կառույցներում ոչ մարտական կորուստների թիվը հասել է 14-ի (ըստ Panorama.am տվյալների՝ մարտի 11 դրությամբ՝ 15 ոչ մարտական կորուստ): Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին ստեղծված իրավիճակի պատասխանատու է համարում երկրի ռազմական ղեկավարությանը և խնդիրը լուծելու համար մի շարք քայլեր է առաջարկում.
- պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիխովին, փոխնախարար Չինգիզ Մամեդովին և ՊՆ դաստիարակչական աշխատանքների գծով վարչության պետ Վագիֆ Մամեդովին
- քաղաքացիականացնել պաշտպանության նախարարի պաշտոնը
- ապահովել բանակում իրականացվող բարեփոխումների թափանցիկությունը
- հրապարակել ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: (Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն մշակել են նման առաջին ծրագիրը 2005-ին, երկրորդը՝ 2008-ին)
- բարձրացնել զինվորականների աշխատավարձը և վերականգնել նրանց արտոնությունները, ինչպես նաև` ապահովել բնակարաններով
- ապահովել զինծառայության հավասար պայմաններ բոլոր զորամասերում
- ռազմական համակարգում ներգրավել հոգեբանական և կրոնական հաստատությունները
- ուժային կառույցները ենթակայեցնել խորհրդարանին
- շփման գծում ծառայությունը կազմակերպել պայմանագրային հիմունքներով
- արդիականացնել ռազմական օրենսդրությունը
Այսպիսով, եթե հիմնվենք Ջասուր Սումերինլիի առաջարկների վրա, կարող ենք եզրակացնել, որ բացի կորուստների խնդրից, ադրբեջանական զինված ուժերում կան մի շարք այլ խնդիրներ։ Օրինակ` բավարար լուծված չէ զինծառայողների սոցիալական պաշտպանվածության հարցը։ Եթե այս եզրակացությունը ճիշտ է, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ ուր են կորչում այդքան գովազդվող ռազմական բյուջեի միջոցները։
Հաշվի առնելով Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը՝ միանգամայն տրամաբանական են հնչում և՛ ռազմական ղեկավարության փոխարինման պահանջները, և՛ թափանցիկության ավելացումն ու բանակը խորհրդարանին ենթակայեցնելու առաջարկները։ Սակայն դրանց իրագործման հեռանկարը կասկածելի է։ Սաֆար Աբիևը, Նաջմեդդին Սադիխովը և մյուսները, եթե զրկվեն էլ իրենց պաշտոններից, որոնք, ի դեպ, զբաղեցնում են արդեն տևական ժամանակ, ապա դա կլինի ավելի շուտ ներիշխանական պայքարի հետևանք, քան համակարգային բարեփոխումների սկիզբ։