Քուվեյթը հերքել է իր տարածքային ջրերով Իրանից հութիներին զենք տեղափոխելու մասին լուրերը

Օգոստոսի 2-ին Քուվեյթը հերքել է նախօրեին տարածված լուրերը այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Քուվեյթի տարածքային ջրերով է սկսել սպառազինություն մատակարարել Եմենի հութիներին։ Տեղեկացնում է Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ մոտ 6 ամիս առաջ հութիներին սպառազինություն մատակարարելու համար իրանցիները սկսել են օգտվել Քուվեյթի տարածքային ջրերից։

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը

Եմենի հութիների «Ղահեր Մ2» հրթիռը

Ըստ հրապարակման՝ զենքերը իրանցիները տեղափոխում են փոքր նավակներով. դուրս գալով Իրանի ավելի փոքր նավահանգիստներից՝ իրանական նավերը Քուվեյթի տարածքային ջրերում և մերձակա միջազգային ջրերում զենքերը տեղափոխում են փոքր նավակներ։

Ըստ լրատվականի տեղեկատու աղբյուրի՝ Իրանը օգտագործում է փոքր նավահանգիստները, քանի որ մեծ նավահանգիստները միջազգային ուշադրության կենտրոնում են։ Այս կերպ հութիներին մասնավորապես մատակարավել են հրթիռներ, արձակման կայաններ։

«Վերջին 6 ամսում հութիներին մատակարավել են հրթիռների բաղադրիչներ, որոնք չեն կարող արտադրվել Եմենում», — ասել է Reuters-ի իրանցի աղբյուրը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իրանը հութիներին զենք է մատակարարում Սոմալիի միջոցով կամ միանագամից հասցնում Եմեն։ Իսկ մինչ այդ, ըստ լրատվականի, մատակարարումներն իրականցվում էին Օմանի տարածքով։

Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու համար, սակայն Իրանը մշտապես հերքում է այս մեղադրանքները։

Եմենում հակամարտության ներկա փուլը սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը, որոնց սատարում են Սաուդյան Արաբիան և այլ արաբական երկրներ:

2015 թ. փետրվարին հութիներին հաջողվել է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմել է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծել են դաշինք ընդդեմ հութիների և ռազմական գործողություններ են սկսում  Եմենում։

Հետագայում կռիվը տեղափոխվում  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *