Սահմանամերձ համայնքների հանձնաժողողի նիստին մասնակցել են միջազգային կազմակերպություններ

Հուլիսի 26-ին Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ կայացել է ՀՀ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել են համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, իսկ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Զեկույցները վերաբերել են սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման, դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման հարցերին։

Նիստին մասնակցել են նաև այս համայնքներում վերջին տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները:

Նշենք, որ հունիսի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է նաև միջազգային գործընկեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում վերջին տարիներին ծրագրեր են իրականացրել:

Նախարարը նշել էր, որ միջազգային կառույցների իրականացրած ծրագրերը երբեմն եղել են բավականին չհամակարգված:

«Մենք փորձում ենք փոխադարձ ըմբռնումով հասկանալ, որ խնդիրը որտեղ ինչպես պետք է լուծենք: Ավելի արագ և ավելի արդյունավետ, հստակ ժամանակակցույց ենք կազմում: Եվ կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարողանալու ենք մատնանշել, թե որ համայնքում որ խնդիրն է առաջնահերթ», — մասնավորապես նշել է պաշտպանության նախարարը:

Նշենք, որ Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ին, ՀՀ վարչապետի որոշումով:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ.

  •  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
  • Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  •  Ֆինանսների նախարարի տեղակալ
  •  Տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
  •  Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
  •  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
  •  Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
  •  Կրթության և գիտության նախարարի տեղակալ
  •  Առողջապահության նախարարի տեղակալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *