Թուրքիան և Ուզբեկստանը կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում

Հուլիսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Նուրեթթին Ջանիքլին արտասահմանյան առաջին պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան: Թուրքիայի և Ուզբեկստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության արձանագրություն: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՊՆ ղեկավար Նուրեթթին Ջանիքլին և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Քաբուլ Ռաիմովիչ Բերդիևը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը նաև անդրադարձել են 2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած միջոցառումներին: Թուրքիայի ՊՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Ուզբեկստանը առաջինն է իր տարածքում «դադարեցրել գյուլենականների գործունեությունը»:

Նշենք, որ կողմերը դեռևս 1992 թ. ստորագրել են ռազմական կրթության և համագործակցության համաձայնագիր: 2010 թ. Ուզբեկստանում Թուրքիայի ռազմական կցորդ Ֆուաթ Գյունեյը հայտնել էր, որ 1992-2010 թթ. Թուրքիայում վերապատրաստվել է Ուզբեկստանի ԶՈւ 122 սպա, կրթություն է ստացել 220 կուրսանտ:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Թուրքիայում տարբեր ռազմակրթական հաստատություններում վերապատրաստվել է 488 զինծառայող: Թուրքիայում կրթություն ստանալուց բացի, Ուզբեկստանում այդ երկրի ԶՈւ զինծառայողներին վերապատրաստել են նաև Թուրքիայից ուղարկված մասնագետները:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թուրքիայի կառավարությունում կատարված փոփոխությունների արդյունքում Ֆիքրի Ըշըքի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր մինչև այս փոխվարչապետի պարտականությունները կատարող Նուրեթթին Ջանիքլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *