Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն պատրաստվող հայկական ստորաբաժանումների գնահատման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում ունեցած ձեռքբերումները և նախանշել համագործակցության զարգացման հեռանկարները:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել այս ուղղություններում համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով, և անդրադարձել ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, անձնակազմի կրթության և վերապատրաստման ապահովման, վերականգնողական ծրագրերի և այլ ասպարեզներում խորհրդատվության տրամադրման նշանակությունը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի և ՀՀ ԱԻՆ զինծառայողները Կանզասի ազգային գվարդիայի հետ տարբեր մարզումներ են անցկացնում Կանզասում և Հայաստանում:

Նշենք, որ Կանզասի գվարդիայի մասնագետները մարզում են նաև ՀՀ ԶՈւ սերժանտների խմբեր: Վերջին նմանատիպ մարզումը եղել է 2016 թ. օգոստոսին՝ Կանզասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *