Ցուցակագրվել են սահմանամերձ համայնքների խնդիրները՝ անվտանգությունից մինչև տնտեսական զարգացում

ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է նաև միջազգային գործընկեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում վերջին տարիներին ծրագրեր են իրականացրել: Այս մասին հունիսի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշել է, որ միջազգային կառույցների իրականացրած ծրագրերը երբեմն եղել են բավականին չհամակարգված:

«Մենք փորձում ենք փոխադարձ ըմբռնումով հասկանալ, որ խնդիրը որտեղ ինչպես պետք է լուծենք: Ավելի արագ և ավելի արդյունավետ, հստակ ժամանակակցույց ենք կազմում: Եվ կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարողանալու ենք մատնանշել, թե որ համայնքում որ խնդիրն է առաջնահերթ», — մասնավորապես նշեց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջնահերթ խնդիրները տարբեր են. որոշ տեղերում դրանք անվտանգության խնդիրներն են, որոշ տեղերում՝ ուսումնական հաստատությունների մոտ պատնեշների, թաքստոցների կառուցումը, որոշ տեղերում՝ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ  որոշակի աջակցությունը՝ ջրամբարների, ճանապարհների տեսքով:

«Մի շարք ծրագրեր արդեն մտած են 2018 թվականի պետական բյուջեի գերատեսչական նախագծերի մեջ և կդառնան քննարկման առարկա 2018 թվականի  բյուջեն քննարկելիս», — հայնտել է Վիգեն Սարգսյանը:

Ըստ նախարարի՝ այստես ևս ունեն համախմբված աշխատանքի խնդիր, առկա է հանրապետության նախագահի կողմից «մի շարք հարցերի, հատկապես՝ սահմանամերձ համայնքների երիտասարդների ուսման հետ կապված [հարցերի]» արագ լուծման հստակ հանձնարարություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը մի շարք նիստեր է անցկացրել սահմանամերձ համայնքներում, հանդիպել է տեղի բնակչության հետ և քննարկել խնդիրները տեղում.

«Այս պահին մենք ունենք սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի անձնագիր, որտեղ նկարագրված է ողջ պատկերը համայնքի՝ բնակչություն, առկա ռեսուրսներ, առկա խնդիրներ, դրանց լուծման հնարավոր ուղիներ»:

Նշենք, որ Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ի ՀՀ վարչապետի որոշումով:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ.

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
  • Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
  • Ֆինանսների նախարարի տեղակալ
  • Տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
  • Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
  • Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
  • Կրթության և գիտության նախարարի տեղակալ
  • Առողջապահության նախարարի տեղակալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *