Մինչև տարեվերջ (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21) Իրանի բանակի ցամաքային ուժերին կմատակարարվի տեղական արտադրության «Քարրար» տանկը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին։ Հուլիսի 3-ին փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն նախատեսում է իր սպառազինությունը համալրել նոր «Քարրար» տանկով և երկրի պաշտպանության նախարարությունից պատվիրել են մատակարարել այդ տանկերից։ ԻՀՊԿ-ի՝ «Քարրար» տանկերով համալրման մասին առայժմ այլ բան հայտնի չէ։
Քիոմարս Հեյդարին հավելել է նաև, որ ընթացիկ տարում Իրանը կսկսի նաև սպառազինությունում առկա Տ-72 տանկերի արդիականացումը։
2016թ. տվյալներով Իրանի բանակը համալրված է 480 միավոր Տ-72Ս տանկերով։
«Քարրար» տանկը Իրանը պաշտոնապես ներկայացրել է 2017 թվականի մարտի 12-ին։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ տանկը ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։
Տանկը սպառազինված է նավիգացիոն սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Ունի դինամիկ զրահ, լազերային հեռաչափ։
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և մտադիր է սեփական տանկեր արտադրել:
Այնուհետև Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարրար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարրար» տանկը:
«Քարրար» տանկը ստեղծվել է ռուսաստանյան Տ-72 տանկերի հիման վրա։