Սիրիայում Իրանը ևս 2 զինծառայող է կորցրել

Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել են Իրանի կողմից հովանավորվող «Ֆաթեմյուն» ջոկատի զինծառայողներ Նեմաթոլլահ Վահեդին և Սեյյեդ Մոհամմադ Սաջադին։  Այս մասին հուլիսի 3-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Նեմաթոլլահ Վահեդին Սիրիա էր մեկնել Իրանի հարավարևմտյան Ահվազ քաղաքից։

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և «Ֆաթեմյուն» բրիգադի զինծառայողները Սիրիայում

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և «Ֆաթեմյուն» բրիգադի զինծառայողները Սիրիայում

«Ֆաթեմյունի» ջոկատը  կազմավորվել է 2014-ին, հիմնականում Իրան ներգաղթած աֆղանցիներից։ Ջոկատի զինծառայողների հստակ թվաքանակ հայտնի չէ։ Ըստ Wall Street Journal պարբերականի՝ աֆղանցիներին Իրանը ամսական 500 ԱՄՆ դոլար է վճարում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 6 միավոր «մակերևույթ-մակերևույթ» դասի, միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ էր արձակել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Իրանի հրթիռակոծությունից 170-ից ավելի ԻՊ զինյալ էր սպանվել։

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, և չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

«Ֆաթեմյունի» ջոկատից բացի Իրանը Սիրիա է ուղարկում նաև պակիստանցիներից կազմված «Զեյնաբիունի» ջոկատը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *